Փարիզում Իրանի իշխանությունների դեմ անցկացված արգելված ցույցի ժամանակ շուրջ 20 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում ձերբակալել է շուրջ 20 հոգու։ Այդ անձինք մասնակցել են «Իրանում բռնաճնշումների և մահապատիժների դեմ» բողոքի ցույցին։ Ավելւ վաղ իշխանությունները պաշտոնապես արգելել էին հանրահավաքները։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Ակցիան տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում գտնվող Վոբան հրապարակում, ուր, կազմակերպիչների խոսքով, մասնակիցներով լեցուն մի քանի ավտոբուս է ժամանել։ Իշխանություններն ավելի վաղ արգելել էին հանրահավաքը՝ պատճառաբանելով, որ «ներկայիս ծայրահեղ լարված ներքաղաքական և միջազգային համատեքստում» հնարավոր են բախումներ։

Չնայած արգելքին՝ հրապարակում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել։ Ոստիկանությունը պահանջել է ցրվել և սկսել է ձերբակալությունները։ Իրավապահների փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել մոտ քսան մարդ։

«Իրանի դիմադրության ազգային խորհրդի» (ԻԴԱԽ) ներկայացուցիչ Աֆշին Ալավին հայտարարել է, որ ձերբակալություններն իրականացվել են «անհիմն»։ Նա հավելել է, որ ցուցարարների կողմից որևէ բռնություն չի եղել, իսկ ոստիկանությունը պարզապես ցրել է մարդկանց և թույլ չի տվել, որ նոր մասնակիցներ միանան ակցիային։

ԻԴԱԽ-ը «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» քաղաքական թևն է, որին Իրանի իշխանությունները համարում են ահաբեկչական։ Այս խումբը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Փարիզում՝ Իրանի շուրջ ստեղծված քաղաքական լարվածության և Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին։

Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են «Ո՛չ շահ, ո՛չ մոլլաներ» կարգախոսով պաստառներ։ Կազմակերպիչները նաև հայտնել են, որ ոստիկանությունը պղպեղի գազ է կիրառել, ինչի հետևանքով կան տուժածներ։

Ավելի վաղ կազմակերպիչները փորձել էին դատական կարգով հրատապ բողոքարկել արգելքը, սակայն Փարիզի դատարանն այն ուժի մեջ է թողել։

Ըստ կազմակերպիչների հաշվարկների՝ ակցիային կարող էր մասնակցել մինչև 100 հազար մարդ։ Դրա նպատակն էր Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին ուշադրություն հրավիրել Իրանում իրականացվող մահապատիժների նոր ալիքի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *