Իսրայելի քաղաքական ղեկավարությունը, ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, կարգադրել է դադարեցնել կրակը Լիբանանում մեկօրյա էսկալացիայից հետո։ Համապատասխան հրամանը տեղերում փոխանցվել է Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ), հաղորդել է իսրայելական 12-րդ ալիքը։
Որոշումն ընդունվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի խորհրդակցությունների արդյունքում։ Միևնույն ժամանակ, նշվել է, որ ՑԱԽԱԼ-ը կշարունակի պահել դիրքերը հարավային Լիբանանի այսպես կոչված «դեղին գծում» և այս պահին նահանջ չի նախատեսում։
Սրա հետ միաժամանակ, կտրուկ սրվել է իրավիճակը Հորմուզի նեղուցի շուրջ։ Իրանական լրատվամիջոցները, հղում կատարելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրներին, հայտարարել են ռազմավարական ծովային երթուղու լիակատար փակման մասին՝ դա բացատրելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հրադադարի պայմանավորվածությունների խախտմամբ։ Թեհրանում նախազգուշացրել են, որ եթե հարձակումները շարունակվեն, «ընդհանուր պայմանավորվածությունը կհայտնվի վտանգի տակ»։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց նավարկության համար։ Նրա տվյալներով՝ հունիսի 20-ին նեղուցով անցել է 55 առևտրանավ, որոնք տեղափոխել են ավելի քան 17 միլիոն բարել նավթ։
Ամերիկյան ռազմական հրամանատարությունում ընդգծել են, որ ԱՄՆ ուժերը շարունակում են գործել տարածաշրջանում՝ նավարկության ազատությունն ապահովելու և պայմանավորվածությունների կատարման վերահսկողության համար։
Մինչդեռ Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները նեղուցի հնարավոր փակումն անվանել են «առաջին քայլ» և սպառնացել հետագա միջոցներով, եթե հարձակումները շարունակվեն։ Իրանական պատվիրակությունը, երկրի ԱԳՆ տվյալներով, ուղևորվում է Շվեյցարիա՝ մասնակցելու համաձայնագրերի իրականացման և հետագա բանակցությունների վերաբերյալ խորհրդակցություններին։
Լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ՝ օրվա սկզբից հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։