Չորս մարդ հոսպիտալացվել է Էդինբուրգում տեղի ունեցած հարձակումների շարքից և վանդալիզմի դեպքերից հետո, որոնք իրականացրել է սառը զենքով զինված մերկակուրծք մի տղամարդ։ Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է 36-ամյա կասկածյալի ձերբակալության մասին՝ ընդգծելով, որ հանրության համար այլևս վտանգ չկա, հաղորդել է BBC News-ը։
Իրավապահների տվյալներով՝ միջադեպերը տեղի են ունեցել հունիսի 19-ի երեկոյան քաղաքի տարբեր շրջաններում։ Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում մերկակուրծք տղամարդը զենքով շրջում է փողոցներում, վնասում ավտոմեքենաները և հարձակվում գույքի վրա։
Ինչպես հայտնել է BBC-ն, տուժածներից երկուսը վնասվածքներ են ստացել Էդինբուրգի արևմուտքում գտնվող Բրումհաուս մզկիթի մոտակայքում։ Մուսուլմանական համայնքների հետ փոխգործակցող MEND Scotland կազմակերպությունը հայտնել է, որ տուժածների մեջ կան մուսուլմանական համայնքի ներկայացուցիչներ։
Տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես է տղամարդը բենզալցակայանում ջարդում տաքսու պատուհանները։ Վնասված մեքենայի սրահում հայտնաբերվել են ապակու բեկորներ և ձեռքի կացին։ Այլ կադրերում նա ավերում է լցակայանի տարածքը և տապալում դարակաշարերը։
Կասկածյալին նաև նկարել են Լիթ-Ուոք շրջանի Origano պիցցերիայի մոտ։ Այն բանից հետո, երբ աշխատակիցները փակել են պաշտպանիչ շերտավարագույրները, տղամարդը մի քանի անգամ զենքով հարվածել է դռներին, ապա հեռացել։ Այդ պահին ականատեսները խուճապահար լքում էին դեպքի վայրը։
Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է լայնածավալ գործողությունից հետո։ Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում տղամարդը ձերբակալության ընթացքում բղավում է, որ «պաշտպանում է երկիրը»։ Դեպքի հանգամանքներն ու նրա գործողությունների դրդապատճառները պարզվում են։