Ամերիկյան մի քանի նահանգների բնակիչներ երկար ամիսներ բողոքում էին ցածր հաճախականության առեղծվածային բզզոցից, որը, նրանց խոսքով, բառացիորեն թունավորում էր իրենց կյանքը։ Մարդիկ հայտնում էին անքնության, գլխացավերի, ականջներում ճնշման զգացողության, տագնապի և նույնիսկ տների թրթռման մասին։ Այժմ Քոնեկտիկուտ նահանգի Ուեսթ Հեյվեն քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ, հնարավոր է, կարողացել են պարզել առեղծվածային աղմուկի աղբյուրը, գրել է Daily Mail-ը։
Խնդիրը հատկապես սուր էր դրսևորվում Ուեսթ Հեյվենում, որտեղ տեղացիները ձայնը նկարագրում էին որպես ինչ-որ տեղ հեռվում անընդհատ աշխատող փոշեկուլ։ Քաղաքացիների խոսքով՝ բզզոցը չէր դադարում ոչ ցերեկը, ոչ գիշերը և լսվում էր ավելի քան մեկ տարի։
Պատճառի որոնման արշավի ամենաակտիվ մասնակիցներից մեկը տեղի բնակչուհի Քիմբերլի Նունեսն էր։ Նա կազմակերպել էր միջնորդագիր՝ հետաքննություն անցկացնելու պահանջով, և խոստովանել էր, որ մշտական աղմուկի պատճառով ստիպված է եղել քնաբեր դեղամիջոցներ ընդունել։
Բազմաթիվ բողոքներից հետո քաղաքային խորհուրդը 16 հազար դոլար էր հատկացրել անկախ ակուստիկ հետազոտության համար։ Փորձագետներն ուսումնասիրել էին տարածքը և եկել այն եզրակացության, որ աղմուկի ամենահավանական աղբյուրը Glanbia Nutritionals ընկերության ձեռնարկության սարքավորումներն են։
Ստուգման արդյունքների համաձայն՝ խնդիրն առաջացել էր արտադրական համալիրի տանիքին 2024 թվականին տեղադրված ձայնախլացուցիչների պատճառով։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ դրանք բավականաչափ արդյունավետ չեն եղել որոշակի ցածր հաճախականության տոնը ճնշելու համար, որը տարածվում էր շրջակայքում։
Արդյունքները ստանալուց հետո ընկերությունը կատարել էր սեփական վերլուծությունը և համաձայնել սարքավորումները փոխարինել ավելի արդյունավետ տարբերակներով։ Մինչ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, ձեռնարկությունում արդեն տեղադրել են լրացուցիչ ձայնակլանող ծածկույթներ՝ բզզոցի մակարդակը նվազեցնելու համար։
Սակայն այս պատմությունը կարող է դուրս գալ մեկ քաղաքի շրջանակներից։
Նման բողոքներ են ստացվում նաև ԱՄՆ հյուսիսարևելյան այլ շրջաններից։ Նյու Ջերսի նահանգի Վայնլենդ քաղաքում բնակիչները սկսել են տեղեկացնել ցածր հաճախականության աղմուկի մասին մոտ 223 հազար քառակուսի մետր մակերեսով հսկայական տվյալների կենտրոնի շինարարության մեկնարկից հետո։
Թեև շինարարության և բզզոցի առաջացման միջև ուղիղ կապ առայժմ հաստատված չէ, մասնագետները նշում են, որ տվյալների խոշոր մշակման կենտրոններն իսկապես կարող են ստեղծել մշտական ցածր հաճախականության աղմուկ։ Պատճառը դառնում են հզոր հովացման համակարգերը, օդափոխիչները և շուրջօրյա աշխատող էլեկտրական սարքավորումները։
Փորձագետների գնահատմամբ՝ նման օբյեկտները կարող են առաջացնել 55-85 դեցիբել աղմուկ, որն ընկալվում է որպես ցածր, անընդհատ մռնչյուն և կարող է տարածվել մեծ հեռավորությունների վրա։
Նման բողոքներ էին ստացվել նաև Վիրջինիա նահանգից, որտեղ տեղակայված են հարյուրավոր տվյալների կենտրոններ։ Որոշ բնակիչներ հայտնում են ոչ միայն աղմուկի, այլև տների ներսում զգացվող թրթռումների մասին։
Տեղի բնակիչ Ռոջեր Յակելը լրագրողներին պատմել է, որ ժամանակակից տվյալների կենտրոնները «աղմկոտ հրեշներ» են, որոնք կառուցվում են բնակելի թաղամասերին շատ մոտ։ NASA-ի նախկին վերլուծաբան Ջոն Լայվերը, որն ինքնուրույն ուսումնասիրում է խնդիրը, հայտնել է, որ նման օբյեկտներից եկող աղմուկի մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան շատերը ենթադրում էին։
Մինչ իշխանությունները շարունակում են հետաքննությունն այլ շրջաններում, Քոնեկտիկուտի դեպքը դարձել է առաջիններից մեկը, երբ հաջողվել է բացահայտել առեղծվածային բզզոցի կոնկրետ արդյունաբերական աղբյուրը, որը երկար տարիներ մնում էր անբացատրելի տեղացիների համար։