Ֆրանսիայում թմրանյութերի գործով խուզարկության ժամանակ հայտնաբերել են Պիկասոյի կտավը, որի արժեքը տասնյակ միլիոնավոր եվրո է

Թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով սովորական խուզարկության ընթացքում ֆրանսիացի ոստիկանները անսպասելիորեն բախվել են մի գտածոյի, որն ավելի շատ կհամապատասխաներ արվեստի մասին դետեկտիվ ֆիլմի սյուժեին։ Փարիզից ոչ հեռու գտնվող Շամպինի-սյուր-Մառն քաղաքում գտնվող տներից մեկում, թմրանյութերի և թանկարժեք իրերի մեջ, հայտնաբերվել է իսպանացի հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի բնօրինակ կտավը, գրում է Le Parisien-ը։

Հետաքննությունն անցկացրել են Վալ-դը-Մառն դեպարտամենտի դատական ոստիկանության աշխատակիցները՝ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի հատուկ ստորաբաժանման մարտիկների հետ համատեղ։ Սկզբում նրանց հետաքրքրում էին թմրանյութերի հնարավոր մատակարարումները։ Կասկածները հաստատվեցին․ խուզարկության ընթացքում առգրավվել է մոտ 20 կիլոգրամ կանեփի խեժ։

Սակայն գործը դրանով չի սահմանափակվել։ Տանը նաև հայտնաբերվել է մեծ քանակությամբ շքեղության առարկաներ՝ դիզայներական հագուստ, որի ընդհանուր արժեքը մի քանի հարյուր հազար եվրո է, ինչպես նաև կանխիկ գումար։ Բայց գլխավոր անակնկալը Պիկասոյի կտավն էր։

Le Parisien թերթի աղբյուրների տվյալներով, ստեղծագործությունն արդեն անցել է իսկության նախնական ստուգում։ Քննիչները կարծում են, որ կտավը գողացվել է փարիզյան արվեստի գործերի պահոցներից մեկից։ Նկարի անվանումը առայժմ չի հրապարակվում, սակայն դրա արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրոներ։

Գտածոյից հետո Կրետեյ քաղաքի դատախազությունը գողության և գողացված գույքը թաքցնելու հոդվածներով առանձին հետաքննություն է սկսել։ Չորս մարդ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով հանձնվել է դատարան։

Սկզբում մամուլում ենթադրություններ էին առաջացել, թե խոսքը կարող է լինել «Կանաչ ոլոռով աղավնի» կտավի մասին, որը գողացվել էր 2010 թվականին Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանի հանդուգն կողոպուտի ժամանակ։ Սակայն այս վարկածը համարվում է քիչ հավանական։

Վարկածներից մեկի համաձայն, կասկածյալներից մեկն աշխատել է շքեղության առարկաների պահեստում և տարիների ընթացքում այնտեղից աստիճանաբար դուրս է բերել թանկարժեք իրեր։ Քննիչների ենթադրությամբ, գողացված իրերի թվում եղել է նաև Պիկասոյի կտավը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *