
Այսօր իրանցի պաշտոնյաները և Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը բանակցություններ կանցկացնեն Թեհրանում՝ քննարկելու այն հաղորդագրությունները, որոնք փոխանակվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունների ձախողումից հետո: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով Tasnim-ին։
Իրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ-ի հետ՝ Թեհրանի և Վաշինգթոնի միջև բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու դիվանագիտական ջանքերի ակտիվացման ֆոնին։
Նշվում է, որ Մունիրը, ով գլխավոր միջնորդներից է, ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Պակիստանի ռազմական պաշտոնյաների խոսքով՝ Մունիրի պատվիրակությունը իր հետ բերել է Վաշինգթոնից ստացված ուղերձը:
Հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ Արաղչին նշել է, որ «շատ ուրախ է» Մունիրին Իրանում ողջունելու համար և վերահաստատել է Իրանի հանձնառությունը «տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանը»։