Հայաստանի իշխանություններն իրավապահ համակարգն օգտագործում են որոշակի էֆեկտ և տպավորություն ստեղծելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Քոչարյանը նշել է, որ ծանոթ չէ այսօր ձերբակալված «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի գործի մանրամասներին, սակայն գիտի, թե ինչպես է իշխանությունն օգտագործում իրավապահ համակարգը. հաղորդագրություն են տարածում, հետո թեման պահում շրջանառության մեջ, իսկ մեկ ամիս կամ մեկ տարի անց գործը փուչիկի պես պայթում է, ոչ ոք դրա մասին չի հիշում, բայց քաղաքական էֆեկտը մնում է։ Նա հավելել է, որ նման բազմաթիվ գործեր կան, որոնք աղմուկով սկսվում են, իսկ հետո քննության փուլում կամ դատարանում տապալվում։
Քաղաքական գործիչը կանխատեսում է, որ իշխանությունների նման գործելաոճը շարունակվելու է՝ ամենօրյա ձերբակալություններ, գաղտնալսումների նոր ձայնագրություններ։ Քոչարյանի ձևակերպմամբ՝ նպատակը ժողովրդին լարվածության մեջ պահելն ու խաբելն է։