Brent տեսակի նավթի գինն առաջին անգամ հասել է մինչպատերազմական մակարդակին։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։
Հինգշաբթի գիշերը, ինչպես վկայում էին սակարկությունների տվյալները, լոնդոնյան ICE բորսայում 2026 թվականի օգոստոսի մատակարարմամբ Brent նավթի գինը փետրվարի 27-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73 դոլարի։
Ինչպես նշում է պարբերականը, սա վկայում է այն մասին, որ նավթի գինը «նվազել է Իրանում պատերազմի սկսվելուց առաջ արձանագրված մակարդակից»։ Գները նվազել են, քանի որ հակամարտության պատճառով արգելափակված նավթի մատակարարումները վերսկսվել են, իսկ թրեյդերները դադարել են ուշադրություն դարձնել ճգնաժամի հնարավոր բացասական հետևանքներին, գրում է թերթը։
Մարտին՝ դիմակայության սկսվելուց կարճ ժամանակ անց, նավթի գները հասել են իրենց գագաթնակետին (1 բարելի դիմաց 126 դոլար), որից հետո նվազել են։ Energy Aspects խորհրդատվական ընկերության փորձագետ Ամրիտա Սենի գնահատմամբ՝ նավթի գինը կարող է կրկին աճել ավելի ուշ՝ մոտ մեկ ամիս անց։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կբեռնաթափվի Պարսից ծոցում տանկերների վրա մնացած նավթը։
Հունիսի 22-ին ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի մատակարարումների ծավալներն արդեն հասել են մինչճգնաժամային մակարդակի։
Վաշինգտոնն ու Թեհրանը հունիսին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում է նախատեսում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները։ Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին։