Ֆրանսիայում գետի ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով երկու միջուկային ռեակտորի աշխատանք է դադարեցվել

Ինչպես հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, Ֆրանսիայում ժամանակավորապես կանգնեցրել են երկու միջուկային ռեակտոր՝ ատոմակայանների հովացման համար օգտագործվող գետերի ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով։

Ատոմային էլեկտրակայանները, որոնք կարևոր դեր են խաղում երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, գետի ջուրն օգտագործում են ռեակտորների հովացման համար։ Դրանից հետո տաքացած ջուրը վերադարձվում է հետ՝ ջրամբարներ, ուստի դրա ջերմաստիճանը խստորեն կարգավորվում է բնապահպանական նորմերով։

EDF էներգետիկ ընկերությունը հինգշաբթի հայտնել է, որ ժամանակավորապես կանգնեցրել է մեկական ռեակտոր Ֆրանսիայի հյուսիսում՝ Սեն գետի վրա տեղակայված «Նոժան սյուր Սեն» ԱԷԿ-ում, և Լիոն քաղաքից ոչ հեռու՝ Ռոն գետի վրա գտնվող «Բյուժե» ԱԷԿ-ում։ Որոշումն ընդունվել է գետի ջրի ջերմաստիճանի համար սահմանված սահմանափակումները պահպանելու նպատակով։

Ինչպես նշում է Ֆրանսպրես գործակալությունը, «Նոժան սյուր Սեն» էլեկտրակայանում մի քանի օր առաջ արդեն իսկ նվազեցվել էր ևս մեկ ռեակտորի հզորությունը։ Միջոցառումն ուղղված էր ջրի՝ Սենից վերցվելու և այնուհետև գետ հետ թափվելու միջև ընկած հատվածում ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելուն, որպեսզի նվազագույնի հասցվի ազդեցությունը ջրային ֆլորայի և ֆաունայի վրա։

Ֆրանսիան ամառային շոգի ալիքների ժամանակ պարբերաբար բախվում է նման սահմանափակումների, երբ գետերի ջերմաստիճանի բարձրացումը ռիսկեր է ստեղծում էկոհամակարգերի համար և դժվարացնում ատոմային էներգետիկայի օբյեկտների աշխատանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *