Իտալիան և Ֆրանսիան զգուշավոր վերաբերմունք են հայտնում նախկին ռուս զինծառայողների՝ Եվրամիության տարածք մուտքն արգելելու վերաբերյալ ԵՄ նախաձեռնության նկատմամբ, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Առաջարկվող սահմանափակումները ներառված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագծում, որը Եվրամիությունը պատրաստում է ի պատասխան Ուկրաինայում շարունակվող պատերազմի։ Ըստ զրուցակիցների՝ ԵՄ անդամ պետությունները մտադիր են նոր միջոցները քննարկել ուրբաթ անցկացվելիք հանդիպմանը։
Աղբյուրները նշում են, որ Փարիզն ու Հռոմը դեռևս պատրաստ չեն լիովին աջակցել այդ առաջարկին և փակ բանակցությունների ընթացքում կասկածներ են հայտնում։ Ընդ որում, նրանց առարկությունների մանրամասները չեն հստակեցվում։
Պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագիծը Ռուսաստանի նկատմամբ ճնշումների հետագա ուժեղացմանն ուղղված Բրյուսելի ջանքերի մի մասն է։
Ավելի վաղ ԵՄ առաջնորդները հայտարարել էին սահմանափակող միջոցները շարունակելու, էներգետիկ արտահանումից ռուսական եկամուտները կրճատելու, այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեությանը հակազդելու և ռուսական ֆինանսական հատվածի նկատմամբ ճնշումներն ուժեղացնելու մտադրության մասին։