Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում կհամախմբի ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։
Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը և տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպը։
AI Conf Armenia 2026-ը տեղի կունենա ապրիլի 18-ին ժամը 09:00-ից Երևանի պետական համալսարանում՝ դառնալով քննարկումների հարթակ, որտեղ կվերլուծվի ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։ Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։
GPU-ների դերը արհեստական բանականության զարգացման մեջ օրեցօր աճում է։
Եթե CPU-ն նախատեսված է տարբեր տեսակի խնդիրներ լուծելու համար՝ ունենալով քիչ, բայց հզոր միջուկներ, ապա GPU-ն ունի հազարավոր միջուկներ և կարող է միաժամանակ իրականացնել մեծ քանակի հաշվարկներ։
Այս հնարավորությունն է, որ դարձնում է GPU-ները կարևորագույն գործիք ժամանակակից AI մոդելների ստեղծման և գործարկման համար, որոնք պահանջում են միլիոնավոր և միլիարդավոր հաշվարկներ։
AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։
NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։ Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։ Միջոցառմանը հանդես կգա նաև ավելի քան 20 առաջատար բանախոս պետական և մասնավոր հատվածներից:
Հանդիսատեսի համար AI Conf-ի մուտքը, ինչպես և նախորդ տարիներին, ազատ է, և այս տարի ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։
Վերջին տարիներին Հայաստանը գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքների առումով արձանագրել է աննախադեպ աճ։ Մեկնարկած ներդրումային ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն հաջորդ տարի Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը։ Եվ գալիք AI Conf Armenia-ն մեծապես միտված է ֆենոմենալ այս աճը վերաիմաստավորելուն և երկրի զարգացմանը ծառայեցնելու ուղիներ որոնելուն։
AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։
Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։