Կրիպտոարժույթների Binance բորսան հաջորդ շաբաթվանից կդադարեցնի ծառայությունների մատուցումը Եվրոպական միության երկրների օգտատերերին՝ գործունեության համաեվրոպական լիցենզիայի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել է CNBC-ն՝ հղում կատարելով Financial Times-ին։
Պարբերականի տվյալներով՝ Binance-ի՝ Հունաստանում լիցենզիա ստանալու հայտը մերժվել է անցած շաբաթ։ Եվրոպական Markets in Crypto-Assets (MiCA) կանոնակարգի պահանջների համաձայն՝ կրիպտոակտիվների հետ կապված բոլոր ծառայություններ մատուցողները պետք է համապատասխան լիցենզիա ստանան մինչև հուլիսի 1-ը, հակառակ դեպքում նրանց սպառնում են պատժամիջոցներ։
Binance-ում CNBC-ին հայտնել են, որ մտադիր են թույլտվություն ստանալ ԵՄ մեկ այլ երկրում և դիտարկում են Ֆրանսիայում նոր հայտ ներկայացնելու հնարավորությունը։ Սակայն, ինչպես նշել է Financial Times-ը, հավանաբար հաստատումը կստացվի արդեն նոր պահանջների ուժի մեջ մտնելուց հետո։ Ընկերությունն ակնկալում է լիցենզիան ձևակերպել առաջիկա ամիսներին։
Financial Times-ի տեղեկություններով՝ Binance-ի օգտատերերը Լեհաստանում, Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում արդեն ստացել են ծանուցումներ՝ բորսայից միջոցները դուրս բերելու հրահանգներով։ Ընկերությունում հայտնել են, որ մինչև հուլիսի 1-ը կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր օրենսդրության պահանջները պահպանելու համար՝ նախազգուշացնելով, որ փոփոխությունները կարող են ազդել հաճախորդների մի մասի վրա, որոնց նախապես կտեղեկացնեն հետագա գործողությունների մասին։
Վերջին բարդությունները ծագել են Binance-ի նկատմամբ կարգավորողների նախկին պահանջների ֆոնին։ Բորսային արգելվել է գործունեություն ծավալել Մեծ Բրիտանիայում 2021 թվականից։ 2023 թվականին ընկերությունը ընդունել է իր մեղքը փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրության և միջազգային պատժամիջոցների խախտման վերաբերյալ մեղադրանքներով՝ ԱՄՆ իշխանություններին վճարելով ավելի քան 4,3 մլրդ դոլարի տուգանքներ։ Անցյալ տարի ֆրանսիական իշխանությունները նույնպես դատական հետաքննություն են սկսել Binance-ի նկատմամբ՝ փողերի լվացմանը նպաստելու կասկածանքով, սակայն ընկերությունը մերժել է այդ մեղադրանքները։