ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Սանկտ Պետերբուրգի իրավաբանական համաժողովում (ՍՊԻՀ) բարձրացրել է դեռահասների հանցավորության թեման և հայտարարել, որ իր ղեկավարած գերատեսչությունը մշակել է օրինագիծ, որը նախատեսում է մի շարք հոդվածներով քրեական պատասխանատվության տարիքը իջեցնել մինչև 12 տարեկանը։ Բաստրիկինի խոսքով՝ նախագծի նպատակը երեխաներին համացանցի միջոցով հանցավորության մեջ ներգրավելու դեմ պայքարն էր։
«Մենք առաջարկ էինք ներկայացրել քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնել մինչև 12, սակայն մեզ հետ չհամաձայնեցին։ Հասկանում եք՝ մի կողմից [դեռահասները] դեռ անխելք են, մյուս կողմից՝ նրանք շատ ավելի արագ են մեծանում, քան մենք մեր ժամանակներում։ Եվ նրանք արդեն 12-13 տարեկանում հանցագործություններ են կատարում, բայց չեն համապատասխանում քրեական պատասխանատվության տարիքին և մնում են անպատիժ», — հայտարարել է նա։ Քրեական պատասխանատվության ենթարկվելու նվազագույն շեմը 12 տարեկանից գործում էր ԽՍՀՄ-ում Իոսիֆ Ստալինի կառավարման տարիներին և մինչև 1958 թվականը։ Շեմի ամենաարմատական իջեցումը տեղի է ունեցել 1935 թվականին՝ երեխաների անօթևանության և դեռահասների հանցավորության խնդրի սրման ֆոնին։
ԽՍՀՄ Կենտգործկոմի և Ժողկոմխորհի 1935 թվականի ապրիլի 7-ի «Անչափահասների շրջանում հանցավորության դեմ պայքարի միջոցների մասին» որոշմամբ սահմանվել էր, որ անչափահասները 12 տարեկանից սկսած ենթարկվում են դատական պատասխանատվության՝ քրեական պատժի բոլոր միջոցների կիրառմամբ։ Սկզբում դա վերաբերում էր գողությունների, բռնության, մարմնական վնասվածքների, սպանությունների կամ մահափորձերի գործերին։
1941 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության մայիսի 31-ի հրամանագրով այս ցանկը լրացվել էր այնպիսի գործողություններով, որոնք հանգեցնում էին գնացքների վթարի։ «Իջեցված» ցուցակում չներառված մյուս հանցագործությունների համար դատում էին 14 տարեկանից։
Բաստրիկինը նաև հայտնել է, որ իր նախաձեռնությունը համապատասխանում է այլ երկրների փորձին։ Նրա պնդմամբ՝ Մեծ Բրիտանիայում ծանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկել կարելի է 10 տարեկանից։
2025 թվականի դեկտեմբերին քրեական պատասխանատվության շեմն իջեցնել առաջարկել էր ՌԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։ Նրա կարծիքով՝ անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների և սպանությունների համար պետք է ազատազրկել 12 տարեկանից։ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսեյ Զինչուկը 2026 թվականի հունվարին հայտարարել էր, որ անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել 13 տարեկանից՝ սպանությունների, առևանգումների, բռնաբարությունների, գողությունների, ահաբեկչությունների և այլ ծանր հանցագործությունների համար։
«Մեդիազոնայի» հաշվարկների համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում ՌԴ-ում ահաբեկչությունների (ՌԴ ՔՕ 205-րդ հոդված) կամ դիվերսիաների (281-րդ հոդված) մեղադրանքով ձերբակալել են առնվազն 240 մարդու, որոնց 18 տարին ձերբակալության պահին դեռ չէր լրացել։ Նրանց մի մասը ստացել է իրական ժամկետներ՝ երեք տարուց սկսած, դաստիարակչական գաղութում։