ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տարբեր դիրքորոշումներ ունեն Մերձավոր Արևելքում հակամարտության և Իսրայելի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ՝ ամերիկա-իրանական հուշագրի կնքումից հետո։ Այս մասին հունիսի 26-ին հայտնել է Reuters գործակալությունը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալի ջանքեր էր գործադրում՝ Իրանի հետ պատերազմում միասնություն ցուցադրելու համար, սակայն անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հայտարարությունները երբեմն տարբերվում էին, հատկապես Իսրայելի հարցում», — նշվել է հրապարակման մեջ։
Սպիտակ տանը ելույթ ունենալիս Վենսը խիստ քննադատել է Իսրայելին, որը դեմ էր Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուշագրի կնքմանը։ Նա ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ)՝ Բեյրութին հասցված հարվածները, որոնք ուղղված են «Հեզբոլլահի» թուլացմանը, «խաթարում են ԱՄՆ խաղաղարար ջանքերը»։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը բազմիցս պաշտպանել է իսրայելական բանակի գործողությունը Լիբանանում, քանի որ, նրա կարծիքով, այդ ռազմական արշավը արդարացված պատասխան է «Հեզբոլլահի» գործողություններին։
Գործակալությունը նշել է, որ այս հակադրությունը վկայում է այն մասին, որ, չնայած ԱՄՆ նախագահի վարչակազմում ցուցադրական միասնությանը, երբեմն ի հայտ են գալիս բոլորովին հակադիր դիրքորոշումներ, և սա մարտահրավեր է Սպիտակ տան համար, որի քաղաքական կոալիցիան խորապես բաժանված է արտաքին քաղաքականության հարցերում։