Գերմանիայում դատարանը Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց վրաերթի ենթարկածին դատապարտել է ցմահ ազատազրկման

Մագդեբուրգի երկրամասային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 51-ամյա Թալեբ ալ-Աբդուլմոհսենին Սաուդյան Արաբիայից, որը մեղավոր է ճանաչվել 2024 թվականի դեկտեմբերին Սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին վրաերթի ենթարկելու համար։ Այս մասին հայտնել է Bild-ը։

Դատարանը առավելագույն խիստ դատավճիռն է կայացրել հարձակման գործով, որը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 20-ի երեկոյան։ Քննության տվյալներով՝ մեղադրյալը վարձակալած BMW մակնիշի ավտոմեքենայով մխրճվել էր մարդաշատ Սուրբծննդյան տոնավաճառում գտնվող մարդկանց բազմության մեջ։

Հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ՝ իննամյա մի տղա և 45-75 տարեկան հինգ կին։ Ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածքներ։ Հարձակվողը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Մեղադրանքի վարկածով՝ ալ-Աբդուլմոհսենը նախապես ծրագրել էր հարձակումը և գործել էր միայնակ՝ առաջնորդվելով անձնական դրդապատճառներով, առանց արտահայտված գաղափարական նպատակների։ Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է նարցիսական անձնային խանգարում և իր նկատմամբ ուշադրություն գրավելու արտահայտված պահանջ։

Դատավարությունը սկսվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին։ Քննության ընթացքում հարցաքննվել են 109 վկա և ութ փորձագետ, 204 տուժած միացել է գործին որպես քաղաքացիական հայցվոր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *