Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն այսօր առավոտյան Պակիստանի ռազմածովային ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել է նավագնացության ազատության կարևորությունը, հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը։
«Տարածաշրջանում զարգացող իրավիճակն առավել քան երբևէ ընդգծում է համաշխարհային տնտեսության և միջազգային մատակարարման շղթաների համար ծովային անվտանգության կարևորությունը,— ասել է նա։— Այսօր ազատ տեղաշարժի իրավունքն ու նավագնացության ազատությունն այլևս շռայլություն չեն, այլ բացարձակ անհրաժեշտություն են դարձել ողջ աշխարհի համար»։
Նրա խոսքով՝ Պակիստանի ռազմածովային ուժերը մի հզորություն են, որը «ունակ է ոչ միայն ապահովել մեր ազգային պաշտպանությունը, այլև հանդես գալ որպես կայունացնող ուժ այս կենսական նշանակություն ունեցող ծովային տարածաշրջանում»։