Գլոբալ տաքացման յուրաքանչյուր աստիճանը վտանգավոր շոգի սպառնալիք է ստեղծում ևս մեկ միլիարդ մարդու համար․ The Lancet Planetary Health

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ծայրահեղ շոգի սպառնալիքը զգալիորեն թերագնահատված է տարեց մարդկանց համար։ The Lancet Planetary Health ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նմանատիպ եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները։

Ստենֆորդի համալսարանի հետազոտողները մոդելավորել են, թե ինչպես է գլոբալ ջերմաստիճանի բարձրացումն ազդելու տարբեր տարիքային խմբերի վրա մինչև 2100 թվականը։ Ի տարբերություն նախկին աշխատանքների՝ նրանք հաշվի են առել 60-ն անց մարդկանց մասնակցությամբ փորձարկումների տվյալները, քանի որ տարեցներն ավելի վատ են տանում շոգն ու բարձր խոնավությունը։

Նախաարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ ջերմաստիճանի 1․5 աստիճանով բարձրացման դեպքում աշխարհում 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ 22%-ն ամեն տարի առնվազն մեկ ամիս ենթարկվելու է վտանգավոր շոգի ազդեցությանը։

Տաքացման յուրաքանչյուր լրացուցիչ աստիճանը կարող է հանգեցնել նրան, որ ևս մոտ մեկ միլիարդ մարդ բախվի շոգի ու խոնավության լրացուցիչ մեկամսյա շրջանի, որը գերազանցում է ջերմային ծանրաբեռնվածությանը դիմակայելու օրգանիզմի հնարավորությունները։

3 աստիճանով տաքացման դեպքում ամենախոցելի տարածաշրջանների՝ Հարավային Ասիայի և Պարսից ծոցի երկրների տարեց բնակիչները կարող են տարեկան երեք ամիս շարունակ գիշեր ու զօր բախվել վտանգավոր շոգին։

Ամենամեծ ռիսկին ենթարկվելու են աղքատության բարձր մակարդակ և հովացման միջոցների սահմանափակ հասանելիություն ունեցող երկրները, այդ թվում՝ Հնդկաստանը, Պակիաստանը, Բանգլադեշը, Մյանման և Նիգերը։

Գիտնականները նախազգուշացրել են, որ ծայրահեղ շոգը կարող է դառնալ բնակչության ներքին տեղահանման և միջսահմանային կլիմայական միգրացիայի աճի գործոններից մեկը։ Նրանք կոչ են արել կրճատել ջերմոցային գազերի արտանետումները և շոգի դեմ պայքարի ծրագրերում հատուկ ուշադրություն դարձնել տարեցների պաշտպանությանը։

Հետազոտողները նաև ընդգծել են օդորակիչների և հովացման այլ միջոցների հասանելիության կարևորությունը, քանի որ շոգից մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է փակ տարածքներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *