Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն գրանցել է պատմական արդյունք: Նա դարձել է Հայաստանի առաջնությունում հանդես եկող առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆայուլուն այս հաջողությանը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (Կոնգոյի ԴՀ) ազգային հավաքականի կազմում:
Մունդիալի ուղեգրի համար մղվող միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակիչում Կոնգոյի ընտրանին նվազագույն հաշվով (1-0) հաղթանակ է տարել Ճամայկայի հավաքականի նկատմամբ: Դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն ընդգրկված է եղել հաղթանակ տոնած հավաքականի հայտացուցակում:
Այս հաղթանակի արդյունքում Կոնգոյի ԴՀ-ի հավաքականը 52 տարվա դադարից հետո իրավունք է ստացել հանդես գալու աշխարհի առաջնությունում: