Արգենտինան պատրաստվում է գործարկել «քաղաքացիություն ներդրումների դիմաց» ծրագիրը, հաղորդել է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ այսպես կոչված «ոսկե անձնագրերը» կարող են ներդրվել արդեն այս տարի։ Դրանք նախատեսվում է տրամադրել 500 000 դոլարի չափով նվիրատվության կամ մոտ 1 մլն դոլար արժողությամբ պետական անկուպոն պարտատոմսերի գնման դիմաց։
Արգենտինայի իշխանությունները հույս ունեն, որ նոր սխեման կօգնի կրճատել երկրի պարտքային բեռը, որն առաջիկա տարիներին գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներով։ Արգենտինան մինչև այժմ չի վերադարձել միջազգային կապիտալի շուկաներ՝ 2020 թվականի պարտքի վերակառուցումից հետո, և փնտրում է արժույթի ներգրավման այլընտրանքային աղբյուրներ։
Ծրագրի գործարկումը տեղի է ունենում Խավիեր Միլեյի կառավարության՝ երկրի իմիջը փոխելու փորձերի ֆոնին, որտեղ հարկային բեռը և տնտեսական անկայունությունը նախկինում խթանում էին կապիտալի արտահոսքն ու ապահովված քաղաքացիների արտագաղթը։ Մասնավորապես, երկրի ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը՝ e-commerce ընկերության հիմնադիր Մարկոս Գալպերինը (Marcos Galperin), 2020 թվականին տեղափոխվել է Ուրուգվայ։
Արգենտինան մոտ 46 միլիոն բնակչություն ունեցող երկիր է։ Արգենտինայի անձնագիրն ապահովում է առանց վիզայի մուտք աշխարհի մոտ 170 երկիր։