Թաիլանդում 46-ամյա ավստրալացուն ձերբակալել են ճամպրուկում հայտնաբերված 17-ամյա աղջկա սպանության գործով

Թաիլանդում ձերբակալվել է Ավստրալիայի 46-ամյա քաղաքացի, որը կասկածվում է 17-ամյա աղջկա սպանությանն առնչություն ունենալու մեջ։ Աղջկա մերկ մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում՝ Պատտայայի լողացող շուկայից ոչ հեռու, հաղորդել է The Guardian-ը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ տղամարդուն կանգնեցրել են ուրբաթ երեկոյան Բանգկոկի Սուվարնաբհումի օդանավակայանում, երբ նա պատրաստվում էր Jetstar ավիաընկերության չվերթով մեկնել Ավստրալիայի Պերթ քաղաք։ Տեղում նրան ձերբակալել են ներգաղթի ծառայության աշխատակիցները։

Քննության կարծիքով՝ կասկածյալը կարող է կապված լինել դեռահաս աղջկա անհետացման և մահվան հետ։ Իրավապահների տեղեկությամբ՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է տղամարդը հինգշաբթի վաղ առավոտյան աղջկա հետ միասին մտնում Պատտայայի բնակելի շենքերից մեկը։ Մի քանի ժամ անց նա դուրս է եկել տարածքից մեծ սև ճամպրուկով, որը հետո տեղափոխել է մոտոցիկլով։

Ավելի ուշ ճամպրուկը հայտնաբերվել է երկաթգծերի մոտ։ Ներսում եղել է աղջկա մարմինը՝ բռնության հետքերով։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարցաքննությունից հետո ձերբակալվածը տեղեկություն է տվել այն վայրի մասին, որտեղ թողնվել էր ուղեբեռը, ինչը թույլ է տվել հայտնաբերել մարմինը։ Նա հերքում է իր առնչությունը սպանությանն ու առևանգմանը։

Ներկայում սպասվում են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որից հետո քննությունը կարող է մեղադրանքներ առաջադրել, այդ թվում՝ անչափահասի առևանգման, սպանության, մարմինը թաքցնելու և սեռական բնույթի հանցագործության համար։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ձերբակալված քաղաքացուն տրամադրում է հյուպատոսական աջակցություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *