Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում

Բարեփոխումները կարելի է բաժանել երկու մասի. առաջինը վերաբերում է բուն շահառուներին, նրանց բարձրացրած խնդիրներին ու առաջարկներին, իսկ մյուսը՝ պետության և ֆինանսական կազմակերպությունների միջև հարաբերություններին, ներառյալ ֆինանսական ռեսուրսների կառավարման առավել արդյունավետ գործիքների ներդրումը։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխություններին։

«Գործնականում ունենում էինք դեպքեր ամուսնալուծված ընտանիքներում, երբ անչափահաս երեխաները մի ծնողի խնամքին էին, իսկ ծրագրին, այնուամենայնիվ, դիմում էր մյուս ծնողը: Մինչ այս փոփոխությունը, քանի դեռ անչափահաս երեխայի՝ հավաստագիր ստանալու իրավունքը չէր իրացվել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում դիմել: Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը ևս այդպես է արձագանքում։ Այսինքն՝ երեխան համարվում է ընտանիքի պարտադիր անդամ այն ընտանիքում, ում դատարանի վճռով վերագրված է այդ իրավունքը, իսկ եթե չունենք դատարանի վճիռ, իրավունքն ավտոմատ վերագրվում է մայր ծնողին: Մեզ մոտ խնդիրը հիմնականում ծագել էր հայր ծնողների մոտ, որոնք չէին կարողանում դիմել ծրագրին, քանի դեռ մայր ծնողն իրավունքը չէր իրացրել»,- պարզաբանել է Ղարագյոզյանը։

Նա ընդգծել է, որ այսուհետ բոլոր այն ամուսնալուծված ծնողները, ում խնամքին երեխա չկա, կարող են հայտ ներկայացնել և հավաստագիր ստանալ՝ առանց դիմում-ծանուցման մեջ անչափահաս երեխայի տվյալները լրացնելու։

«Նախորդ ամուսնությունից ծնված անչափահաս երեխան այլևս իր ընտանիքի պարտադիր կազմում չի դիտարկվի: Իր դիմումը չի մերժվի թերի կազմի հիմքով, քանի որ իրավունքն այլևս վերագրվել է մայր ծնողին կամ դատարանի վճռով որոշված խնամակալ ծնողին: Այս պահից սկսած նման ծնողները կարող են դիմել», – նշել է պաշտոնյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *