ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները (stablecoins) որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Անդրսահմանային ֆինանսական ծառայություններն այսօր զգալի չափով մնում են մասնատված և վերջնական հաճախորդներին չեն ապահովում արագ ու որակյալ սպասարկում: Սթեյբլքոիններն առաջարկում են այդ բացը լրացնելու համոզիչ միջոց և գտնվում են եզակի դիրքում, քանի որ ներկայացնում են այն բնական հատման կետը, որտեղ ավանդական ֆինանսական և կրիպտոաշխարհները կարող են միավորվել՝ հաճախորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար», — ասաց նա Doing Digital 2026 ֆորումի ժամանակ, որն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո:

Նրա խոսքով՝ կրիպտոկարգավորման մասին վերջերս ընդունված օրենքը ցույց է տալիս Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ հասնելու սպառողների պաշտպանության և նորարարությունների զարգացման միջև «ոսկե հավասարակշռության»:

«Կարգավորման կենտրոնում ոլորտի ֆինանսական, ոչ թե տեխնոլոգիական կողմն է, ինչն ապահովում է նոր տեխնոլոգիաների ինտեգրումն անվտանգ, արդյունավետ և թափանցիկ եղանակով», — ընդգծեց նա:

  «Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները: Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ:

«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *