Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վեց ամսից՝ 2027 թվականի հունվարի 1-ին, կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։

Իսպանական ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստի ներկայացուցիչները պայմանավորվել են նոր պայմանագրի շուրջ քննարկումներին վերադառնալ անմիջապես 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո, որպեսզի չշեղեն խաղացողին մրցաշարում իր ելույթներից: Այս մասին հայտնում է Marca պարբերականը։

Ներկայումս բանակցություններում հիմնական տարաձայնությունը շարունակում են մնալ ֆինանսական պայմանները։ Բրազիլացու գործող աշխատավարձը կազմում է մրցաշրջանում շուրջ 20 միլիոն եվրո, մինչդեռ հարձակվողի կողմն ակնկալում է վարձատրության բարձրացում մինչև տարեկան 30 միլիոն եվրո, ինչը մադրիդյան ակումբում քիչ հավանական են համարում։

2025/26 մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *