Ռուսաստանի բյուջեի նավթագազային եկամուտները հունիսին կազմել են 683,6 մլրդ ռուբլի

Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հունիսին դաշնային բյուջեի նավթագազային եկամուտները կազմել են 683,6 մլրդ ռուբլի՝ մայիսի 678,9 մլրդ ռուբլու դիմաց։ Համեմատության համար՝ ապրիլին այդ ցուցանիշը եղել էր 855,6 մլրդ ռուբլի։

2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով նավթագազային եկամուտները հասել են մոտ 3,48 տրիլիոն ռուբլու։ Սա զգալիորեն ցածր է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ դրանք կազմել էին 4,73 տրիլիոն ռուբլի, ինչը տարեկան կտրվածքով նշանակում է մոտ 26% անկում։

Միաժամանակ, հունիսին վառելիքային դեմպֆերի (փոխհատուցման) շրջանակում նավթային ընկերություններին պետական վճարումները կազմել են 210,6 մլրդ ռուբլի, մինչդեռ մայիսին դրանք եղել էին 204,3 մլրդ ռուբլի։

Դեմպֆերի մեխանիզմը նախատեսված է Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի գների կայունացման համար։ Եթե արտահանման գները գերազանցում են ներքին շուկայի գները, պետությունը փոխհատուցում է նավթային ընկերություններին՝ ներքին շուկա մատակարարումները պահպանելու նպատակով։ Իսկ հակառակ իրավիճակում ընկերությունները իրենց լրացուցիչ շահույթի մի մասը վերադարձնում են պետական բյուջե։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ընթացքում նավթային ընկերությունները դեմպֆերի շրջանակում ստացել էին 881,8 մլրդ ռուբլի, ինչը գրեթե երկու անգամ պակաս էր 2024 թվականի 1,815 տրիլիոն ռուբլու ցուցանիշից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *