Կգործարկվի առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգ, որի շրջանակում առողջ ապրելակերպ վարող քաղաքացիները կկուտակեն բոնուսային միավորներ և կկարողանան դրանք օգտագործել անկանխիկ վճարումների համար։ Կառավարությունը երեկ է հաստատել համապատասխան նախագիծը, որով սահմանվել է, թե ինչպես են հաշվարկվելու, փոխանցվելու և օգտագործվելու բոնուսային միավորները։
Որոշման հիմնավորման մեջ կառավարությունը նշում է, թե առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ պետությունը որդեգրել է առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առաջնահերթ քաղաքականություն՝ սահմանելով նաև մի շարք մեխանիզմներ: Այդպիսի մեխանիզմի օրինակ է նաև բոնուսային միավորների և դրանց նկատմամբ կիրառվող գործակիցների համակարգը:
BANKSNEWS.AM-ը նախագծից տեղեկանում է, որ այս միավորները հավաքվելու են ապահովագրված անձի հատուկ բոնուսային հաշվում, որտեղ 1 բոնուսային միավորը համարժեք է լինելու 1 ՀՀ դրամին։
«Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվող վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել իր կողմից վճարվող տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը՝ 12 960 դրամը»,– նշված է նախագծում։
Ո՞վ և ինչպե՞ս կարող է բոնուս ստանալ
Բոնուսներ կստանան այն քաղաքացիները, ովքեր տարվա ընթացքում ընդհանրապես չեն հիվանդացել և բժշկական օգնության (բուժման, դեղեր ստանալու կամ վիրահատության) չեն դիմել։
Բացի այդ, խրախուսական լրացուցիչ բոնուսներ են նախատեսվում նաև այն քաղաքացիների համար, ովքեր՝
-
Դարձել են արյան դոնոր,
-
Բարելավել են իրենց առողջական ցուցանիշները (օրինակ՝ նվազեցրել են ավելորդ քաշը, հրաժարվել են ծխախոտից կամ ալկոհոլից)։
Կարևոր պայման. այս դրական փոփոխությունները պետք է պաշտոնապես արձանագրվեն ընտանեկան բժշկի կողմից։
Ե՞րբ ուժի մեջ կմտնի և որքա՞ն գումար կծախսվի
Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ համակարգի ներդրման առաջին տարում բոնուս ստացողների թիվը կարող է հասնել շուրջ 37 հազար մարդու։ Դրա համար պետությունը կհատկացնի մոտ 471 մլն դրամ։
Նախագիծն ուժի մեջ կմտնի 2029 թվականի հունվարի 1–ից։