Մինչև 12 960 դրամ բոնուս՝ առողջ ապրելակերպի և դոնորության համար. ովքե՞ր և ինչպե՞ս կստանան այն

Կգործարկվի առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգ, որի շրջանակում առողջ ապրելակերպ վարող քաղաքացիները կկուտակեն բոնուսային միավորներ և կկարողանան դրանք օգտագործել անկանխիկ վճարումների համար։ Կառավարությունը երեկ է հաստատել համապատասխան նախագիծը, որով սահմանվել է, թե ինչպես են հաշվարկվելու, փոխանցվելու և օգտագործվելու բոնուսային միավորները։

Որոշման հիմնավորման մեջ կառավարությունը նշում է, թե առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ պետությունը որդեգրել է առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առաջնահերթ քաղաքականություն՝ սահմանելով նաև մի շարք մեխանիզմներ: Այդպիսի մեխանիզմի օրինակ է նաև բոնուսային միավորների և դրանց նկատմամբ կիրառվող գործակիցների համակարգը:

BANKSNEWS.AM-ը նախագծից տեղեկանում է, որ այս միավորները հավաքվելու են ապահովագրված անձի հատուկ բոնուսային հաշվում, որտեղ 1 բոնուսային միավորը համարժեք է լինելու 1 ՀՀ դրամին։

«Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվող վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել իր կողմից վճարվող տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը՝ 12 960 դրամը»,– նշված է նախագծում։

Ո՞վ և ինչպե՞ս կարող է բոնուս ստանալ

Բոնուսներ կստանան այն քաղաքացիները, ովքեր տարվա ընթացքում ընդհանրապես չեն հիվանդացել և բժշկական օգնության (բուժման, դեղեր ստանալու կամ վիրահատության) չեն դիմել։

Բացի այդ, խրախուսական լրացուցիչ բոնուսներ են նախատեսվում նաև այն քաղաքացիների համար, ովքեր՝

  • Դարձել են արյան դոնոր,

  • Բարելավել են իրենց առողջական ցուցանիշները (օրինակ՝ նվազեցրել են ավելորդ քաշը, հրաժարվել են ծխախոտից կամ ալկոհոլից)։

Կարևոր պայման. այս դրական փոփոխությունները պետք է պաշտոնապես արձանագրվեն ընտանեկան բժշկի կողմից։

Ե՞րբ ուժի մեջ կմտնի և որքա՞ն գումար կծախսվի

Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ համակարգի ներդրման առաջին տարում բոնուս ստացողների թիվը կարող է հասնել շուրջ 37 հազար մարդու։ Դրա համար պետությունը կհատկացնի մոտ 471 մլն դրամ։

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2029 թվականի հունվարի 1–ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *