Ռեկորդային փոխհատուցում ԱՄՆ պատմության մեջ. Anthropic-ը 1,5 մլրդ դոլար կվճարի հեղինակային իրավունքների խախտման համար

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը վերջնականապես հաստատել է 1,5 միլիարդ դոլարի հաշտության համաձայնագիրը Anthropic-ի և հեղինակների խմբի միջև, որոնք ընկերությանը մեղադրում էին Claude-ի ուսուցման համար իրենց գրքերն ապօրինի օգտագործելու մեջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, սա հեղինակային իրավունքների խախտման համար ամենախոշոր փոխհատուցումն է ԱՄՆ պատմության մեջ։

Հայցը ներկայացվել էր 2024 թվականին։ Հեղինակները պնդում էին, որ Anthropic-ը Claude-ին ուսուցանել է իրենց գրքերի ծովահենային (պիրատական) կրկնօրինակների վրա։ 2025 թվականի սեպտեմբերին դատարանը ընդունեց, որ մոդելի բուն ուսուցումը տեղավորվում է «բարեխիղճ օգտագործման» (fair use) սկզբունքի շրջանակներում, սակայն խախտում համարեց ընկերության սեփական գրադարանում ավելի քան 7 միլիոն ծովահենային պատճենների պահպանումը, որոնք տեսականորեն կարող էին օգտագործվել նաև ԱԲ-ի ուսուցումից դուրս:

Հենց անցյալ տարվա սեպտեմբերին էր նախնական հավանության արժանացել հաշտության համաձայնագիրը։ Որոշ հեղինակներ դեմ էին արտահայտվել դրան՝ նշելով, որ փոխհատուցման չափը բավարար չէ, փաստաբանները ստանում են չափազանց բարձր վարձատրություն, իսկ իրավատերերի մի մասն անհիմն կերպով դուրս է մնացել համաձայնագրից։ Այնուամենայնիվ, երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, դատարանը մերժեց այդ առարկությունները։ Դատավոր Մարտինես-Օլգինը նշեց, որ փոխհատուցման չափի քննադատությունը «հիմնված չէ ռիսկերի և դատական գործընթացի հնարավոր արդյունքների իրատեսական գնահատման վրա»։

Anthropic-ի գլխավոր իրավաբանական խորհրդատուի տեղակալ Ապարնա Շրիդհարը հայտարարել է, որ համաձայնագրի պայմաններին համապատասխանող հեղինակների և հրատարակիչների ավելի քան 91%-ն արդեն դիմում է ներկայացրել փոխհատուցում ստանալու համար, և ընկերությունը նախատեսում է վերջնականապես փակել գործը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *