Իսրայելցիները ծեծի են ենթարկել եվրոպացի դիվանագետներին․ Իսրայելի ԱԳ նախարարն արձագանքել է կատարվածին

Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի դիվանագետները հարձակման են ենթարկվել Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեստինյան Թայբե գյուղի մոտ գտնվող ձիթապտղի այգի այցելության ժամանակ։ Ինչպես հայտնում է Ynet-ը, հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, և այն իրականացրել են իսրայելցի վերաբնակիչները։

Յոթ դիմակավորված անձինք մոտոցիկլետներով մոտեցել են դիվանագետների ավտոմեքենաներին։ Նրանք շրջապատել են մեքենաներից մեկը, պահանջել փաստաթղթեր ներկայացնել և կոտրել Բելգիայի հյուպատոսության ավտոմեքենայի ապակին։

Այցի մասնակիցների թվում է եղել նաև ֆրանսիական Օլնուա-Էմերի քաղաքի քաղաքապետ Բեռնար Բոդոն։ Հրապարակված կադրերում նա նստած է գետնին՝ հենված ավտոմեքենային։ Նրա հնարավոր վնասվածքների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ակտիվիստ Ամիտ Օրպալին Ynet-ին հայտնել է, որ հարձակման են ենթարկվել նաև ձիթապտուղ հավաքող պաղեստինցիները։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրում է տեսագրությունները և փորձում պարզել կասկածյալների ինքնությունը։ Գերատեսչությունը նաև կապ է հաստատել արտաքին գործերի նախարարության հետ՝ դիվանագիտական պատվիրակության անդամների հետ կապ հաստատելու և նրանցից ցուցմունքներ ստանալու համար։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը վճռականորեն դատապարտել է կատարվածը։

Սաարը հայտնել է, որ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է շահագրգիռ երկրների դեսպանների հետ՝ հարձակվողների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հարցում աջակցելու նպատակով։

Միևնույն ժամանակ, նախարարը ցավով նշել է, որ տուժածների այցը նախապես համաձայնեցված չի եղել Իսրայելի պաշտպանության բանակի հետ։ Նրա կարծիքով՝ նման համակարգումը կարող էր ապահովել այցելուների անվտանգությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *