Դեմոկրատները հետաքննում են օտարերկրյա կառավարությունների հետ Էպշտեյնի կապերը

Սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնը, ամենայն հավանականությամբ, գործել է որպես չգրանցված օտարերկրյա գործակալ և փորձել է այդ նպատակներով օգտագործել նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր նախկին հարաբերությունները: Դրա մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Դատական հանձնաժողովում դեմոկրատ Ջեյմի Ռասկինը՝ փաստաթղթեր տրամադրելու պահանջով նամակում:

Ինչպես հաղորդում է Axios-ը, կոնգրեսական Ջեյմի Ռասկինի (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ) հարցումը ցույց է տալիս հետաքննությունների բնույթը, որոնք կուսակցությունը կկարողանա սկսել՝ օգտագործելով դատարան կանչելու իրավունքը, եթե այդ աշնանը վերադարձնի վերահսկողությունը Կոնգրեսի պալատներից մեկի նկատմամբ:

Ռասկինը նամակ է ուղարկել վարչակազմի պաշտոնյաներին՝ նշելով, որ Էպշտեյնի գործով նյութերը վկայում են վարկաբեկված ֆինանսիստի՝ Սաուդյան Արաբիայի էմիսար դառնալու փորձերի, ինչպես նաև Քուվեյթի, Իսրայելի և Ռուսաստանի ղեկավարությանը նրա տրամադրած խորհրդատվությունների մասին:

Նամակագրություններից մեկում Էպշտեյնը, ըստ ամենայնի, իր ծառայություններն էր առաջարկում Սաուդյան Արաբիային որպես «արքայազնի/արքունիքի/Թագավորության ցանկացած այլ կառույցի ֆինանսական վստահված անձ… Ես ուրախ կլինեմ ներկայացնել Սաուդյան Արաբիայի շահերը»:

Ռասկինը նշել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի հետ Էպշտեյնի «մտերիմ հարաբերությունները» «ակնհայտ են դարձել» հրապարակված էլեկտրոնային փոստից:

Նամակում պարունակվում են նաև նշումներ, ըստ որոնց Էպշտեյնը խորհրդատվություն է տվել Քուվեյթի էմիրին Թրամփի հետ փոխգործակցության հարցերով: 2017 թվականին Էպշտեյնը անանուն հասցեատիրոջը հայտնել էր, որ «Թրամփի այցի շուրջ շատ առաջադրանքներ կան», և հետաքրքրվել, թե ինչ «կոնկրետ արդյունքների» էմիրը «կցանկանար հասնել ԱՄՆ-ից»:

Բացի դրանից, փաստաթղթում նշվում է, որ Էպշտեյնը խորհրդատվություն է տվել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքին՝ հանդես գալով որպես նրա «ուղեկից ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև դիվանագիտության մեջ», և  «ինչն ամենատագնապալին է, դատելով ամեն ինչից, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդներ է տվել, թե ինչպես վարվել նախագահ Թրամփի հետ»:

Մասնավորապես, Էպշտեյնը Թրամփի վերաբերյալ առաջարկություններ է տվել ՄԱԿ-ում Ռուսաստանի այժմ հանգուցյալ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին՝ 2018 թվականին գրելով. «Չուրկինը հոյակապ էր: Մեր զրույցներից հետո նա հասկացավ Թրամփին. այստեղ բարդ ոչինչ չկա: Պետք է այնպես անել, որ թվա, թե իբր նա [Թրամփը] ինչ-որ բանի է հասել, ամեն ինչ ծայրահեղ պարզ է»:

«Ջեֆրի Էպշտեյնը երբեք չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, – գրել է Ռասկինը գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Թոդ Բլանշին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազ ու Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփի թեկնածու Ջեյ Քլեյթոնին: — Ընդսմին, վերջերս հրապարակված բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ նա ակտիվորեն գործել է մի շարք օտարերկրյա կառավարությունների շահերից ելնելով, ներառյալ ՝ նրանց, ում շահերը հակասում են ԱՄՆ շահերին՝ Թրամփի առաջին վարչակազմի քաղաքականության վրա ազդեցություն ունենալու նպատակով»:

Ռասկինը նախազգուշացրել է, որ արտասահմանյան առաջնորդների հետ Էպշտեյնի կապերը լուրջ սպառնալիք էին ստեղծում ազգային անվտանգության համար և հարցեր են բարձրացնում, թե նախագահի մասին կոնկրետ ինչ տեղեկություններ կարող էր փոխանցել նրանց:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Էբիգեյլ Ջեքսոնը Axios-ին հայտարարել է. «Ինչպես բազմիցս ընդգծել է ինքը՝ նախագահ Թրամփը, նա լիովին արդարացված է Էպշտեյնի հետ կապված ցանկացած դրվագով»:

Ռասկինը կառավարության համար ժամկետ է սահմանել մինչև օգոստոսի 3-ի 17:00-ն՝ 19 պետությունների (ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Քուվեյթի, Ռուսաստանի և Կատարի) հետ Էպշտեյնի շփումների, ինչպես նաև այն կառույցներին առնչվող գրանցումները տրամադրելու համար, որոնք կարող էին ստեղծվել դաշնային գրանցումը շրջանցելով:

Նա նաև հարցում է ուղարկել Արդարադատության նախարարությանը՝ պարզելու, թե արդյոք երբևէ Էպշտեյնի նկատմամբ հետաքննություն անցկացվե՞լ է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը (FARA) խախտելու հատկանիշներով, և եթե ոչ, ապա ինչ պատճառով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *