«Midwest Poultry Services» թռչնաբուծական ընկերությունը սալմոնելայով հնարավոր վարակվածության պատճառով հետ է կանչել ձվի շուրջ 1,6 միլիոն տուփ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA)։
Ընկերությունը հետ է կանչել Տեխասում արտադրված սպիտակ և շագանակագույն կեղևով ձվերի մոտ 1,6 միլիոն տուփ, քանի որ դրանք կարող են վարակված լինել Salmonella Enteritidis բակտերիայով։ Արտադրանքն արտադրվել և իրացվել է 2026 թվականի հունիսի 6-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Տեխաս, Լուիզիանա, Օկլահոմա, Արկանզաս, Նյու Մեքսիկո և Միսիսիպի նահանգներում։
FDA-ի փոխանցմամբ՝ «Midwest Poultry Services» ընկերությունը դեռևս տեղեկություններ չունի իր արտադրանքով պայմանավորված հիվանդացության դեպքերի մասին։ Կարգավորող մարմնից ավելացրել են, որ այս պահին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Տեխասի իր ֆերմաներում արտադրված ձվերի վաճառքը։
Salmonella Enteritidis-ն այնպիսի միկրոօրգանիզմ է, որը կարող է ապրել ինչպես ձվի կեղևի վրա, այնպես էլ դրա ներսում՝ առաջացնելով սննդային թունավորումներ։ Ախտանիշները ներառում են տենդ, փորլուծություն, սրտխառնոց, փսխում և որովայնի ցավեր։ Հազվադեպ դեպքերում սալմոնելայով վարակումը կարող է հանգեցնել ավելի լուրջ հիվանդությունների զարգացման, ինչպիսիք են զարկերակային վարակները, էնդոկարդիտը և արտրիտը։