ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած էր այն պատճառով, որ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը առանց նախնական ծանուցման հայտարարել էր Սաուդյան Արաբիայի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի մասին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի դժգոհությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ փորձագետներն ու պահպանողական լրատվամիջոցները քննադատել են գործարքը։ Ավելի ուշ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ համաձայնագրի հաստատումը կախված է նրանից, թե արդյոք Էր Ռիադը կմիանա Աբրահամյան համաձայնագրերին՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
CNN-ի աղբյուրների պնդմամբ՝ Սպիտակ տունը նախկինում խնդրել էր Էներգետիկայի նախարարությանը չհայտարարել պայմանավորվածության մասին, սակայն Ռայթը դա արել է ինքնուրույն։ ԱՄՆ վարչակազմում հայտնել են, որ Սաուդյան Արաբիան տեղեկացված էր Թրամփի պայմանի մասին։
Հուլիսի 22-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ թագավորության խաղաղ միջուկային ծրագրին աջակցելու վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին։ Փաստաթուղթը փոխանցվել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը և նախատեսված է մի քանի տասնամյակի համար։ Վաշինգտոնում հայտնել են, որ գործարքն ուղղված է Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացման մեջ ամերիկյան ընկերությունների մասնակցության ընդլայնմանը։