Ֆրանսիայում 2026 թվականի ամառը վտանգավոր կերպով մոտ է 2022 թվականին սահմանված հակառեկորդին, երբ այրվել էր 66,3 հազար հեկտար բուսականություն. ուրբաթ հայտնել է BFMTV-ն:
Երկրի հարավ-արևմուտքում գտնվում է Ժիրոնդ դեպարտամենտը, որտեղ մոլեգնում է «սեզոնի ամենախոշոր հրդեհը», հայտնում է հեռուստաալիքը:
«Ներկայում գործում է 32 հրդեհ, որոնք, ակնհայտորեն, բոլորը նույն մասշտաբի չեն»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը:
Ըստ նրա՝ Առկաշոնի ծոցից հյուսիս մոլեգնող հրդեհը, որը սկսվել է Սոմոս կոմունայում, այժմ «սեզոնի ամենախոշոր հրդեհն է»: Չորեքշաբթի օրվանից այն արդեն ընդգրկել է 10 հազար հեկտար և հանգեցրել բնակչության տարհանմանը, որն ավարտվել է կամ ընթացքի մեջ է: 40 հազար մարդ տարհանվում է «ցամաքով կամ ծովով», նշել է նախարարը:
Այդ հրդեհը, ասել է Նունյեսը, «վերահսկողության տակ չէ», և դրա մարման համար մոտ 1 հազար հրշեջ է մոբիլիզացվել՝ «տեղական աշխատակիցներ և աջակցության ստորաբաժանումներ»: Բացի դրանից, նրա տվյալներով՝ «ոչնչացվել է մոտ 50 տուն»:
ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ տարվա սկզբից Ֆրանսիայում այրվել է ավելի քան 50 հազար հեկտար բուսականություն: Նա հստակեցրել է, որ այդ թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «գրեթե երեք անգամ ավելի բարձր է»:
Առկաշոնի ծոցից հարավ, հրդեհը, որը բռնկվել էր հինգշաբթի Լանդեր դեպարտամենտի Բիսկարոս կոմունայում, շարունակում է տարածվել. այն ընդգրկել է ավելի քան 2500 հեկտար քաղաքի ծայրամասերում և հանգեցրել 23 հազար մարդու տարհանմանը:
Ներքին գործերի նախարարը նշել է նաև, որ հրշեջներն արդեն մի քանի օր է պայքարում են կրակի դեմ Վար դեպարտամենտում, որը «ընդգրկել է 3700 հեկտար, պահանջվում է 800 հրշեջի մոբիլիզացիա»:
Այս տարի Ֆրանսիայում երաշտը, որը մի քանի ամիս շարունակ տեղումների մշտական պակասի հետևանք է, և հատկապես ուժեղ շոգի ալիքները, որոնք կապում են կլիմայի փոփոխության հետ, անտառային հրդեհների առաջացման համար ծայրահեղ նպաստավոր պայմաններ են ստեղծել, ինչը կրակի դեմ պայքարը դարձնում է հատկապես բարդ: Անսովոր չոր քամիները իրենց հերթին սրում են իրավիճակը:
«Խիստ լարված» իրավիճակի պայմաններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ գիշերը հայտարարել է, որ Եվրոհանձնաժողովին խնդրել է ակտիվացնել Եվրոմիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը. հայտնել է BFMTV-ն: