Հնդկաստանի հյուսիսում ճանապարհին քարերի ընկնելու հետևանքով տեղի ունեցած ավտովթարից առնվազն 13 մարդ է զոհվել, նրանց թվում՝ մեկ մանկահասակ երեխա, հայտնում է Times of India պարբերականը:
«Առնվազն 13 մարդ, նրանց թվում՝ 6 ամսական երեխա, ենթադրաբար, զոհվել է այն բանից հետո, երբ ուրբաթ Հիմաչալ Պրադեշ նահանգում ճանապարհին տաքսին մնացել է հսկայական ժայռաբեկորների տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը, տեղական վարչակազմը և փրկարար ծառայություններն անմիջապես ժամանել են դեպքի վայր և սկսել որոնողափրկարարական գործողությունը: Մեկ տուժած ուղևորի հաջողվել է դուրս բերել փլատակների տակից և տեղափոխել հիվանդանոց:
Պարբերականի տվյալներով՝ լեռնային երթուղին բացվել էր ավելի վաղ նույն օրը՝ նախորդ սողանքի պատճառով առաջացած ընդմիջումից հետո: