Վրաստանում դարձյալ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել

Շաբաթ օրը առավոտյան ժամը 8-ի մոտակայքում հոսանքազրկում է տեղի ունեցել Վրաստանի ողջ տարածքում, հաղորդում է «Новости Грузия»-ն։

Դադարել է գնացքների շարժը, իսկ Թբիլիսիում դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Պոմպակայանների անջատման պատճառով խափանումներ են առաջացել նաև մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում։

Շարժական ինտերնետը գործում է որոշակի խափանումներով։ Այժմ ընթանում են էներգահամակարգի վերականգնման աշխատանքներ․ Թբիլիսիի որոշ թաղամասերում էլեկտրաէներգիան վերականգնվել է հոսանքազրկումից մոտ կես ժամ անց։ Նախորդ նմանօրինակ դեպքերի փորձը ցույց է տալիս, որ համակարգի ամբողջական կայունացման համար Թբիլիսիում կպահանջվի 2-3 ժամ, իսկ ողջ Վրաստանում՝ մինչև 5 ժամ։

Զանգվածային անջատումների պատճառները դեռևս չեն հաղորդվում։ Էներգետիկայի ազգային հանձնաժողովը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին և ստացել արտակարգ լիազորություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *