
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա ընտրություն կատարելու տարբեր ինտեգրացիոն ուղղությունների միջև՝ ընդգծելով, որ այդ ընտրությունը պետք է կատարվի իրապես ձևավորված այլընտրանքների պայմաններում։
Փաշինյանը նշել է, որ ներկայում Հայաստանի համար կարևոր են թե՛ Եվրամիությունը, թե՛ Եվրասիական տնտեսական միությունը։ Նրա խոսքով՝ այդ երկու ուղղությունների հետ հարաբերությունները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ձևավորել անհրաժեշտ այլընտրանքները, իսկ քաղաքացիները չեն ստացել դրանցից որևէ մեկը ընտրելու իրական հնարավորություն։
Վարչապետը չի բացառել նաև երրորդ ճանապարհի տարբերակը՝ նշելով, որ Հայաստանը պարտադիր չէ, որ ընտրություն կատարի միայն ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև։ Նրա խոսքով՝ հնարավոր է նաև այնպիսի տարբերակ, որի դեպքում Հայաստանը չի անդամակցի այդ կառույցներից որևէ մեկին։
«Կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել»,-ասել է նա: