Չինաստանի Գյույան քաղաքում՝ Գույչժոուի Գիտությունների ակադեմիայում մեկնարկել է BeiDou արբանյակային համակարգի և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը նվիրված միջազգային սեմինարը, որին մասնակցում են ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ այդ թվում Հայաստանից։ Միջազգային սեմիներին մասնակցելու համար Հայաստանից Չինաստան են ժամանել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև NEWS.am-ի թղթակիցները։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, գիտությունների ակադեմիայում այսօր տեղի է ունեցել դասընթացների մեկնարկի պաշտոնական արարողությունը։
Սեմինարը մեկ հարթակում համախմբել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով ներկայացնել Չինաստանի փորձը արբանյակային նավիգացիայի, տվյալների մշակման նորարարական տեխնոլոգիաների և անօդաչու թռչող սարքերի կիրառման ոլորտում՝ արտակարգ իրավիճակների կառավարման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Տվյալների վերլուծության և գնահատման, անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների իրականացման և այլ ոլորտներում ձեռք բերված փորձը, ինչպես նաև տարբեր երկրների՝ սեփական տարածքում աղետների կանխարգելման և արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ձևավորման ընթացքում կուտակած գործնական գիտելիքները, արժանի են խորքային փոխանակման և փոխադարձ ուսումնառության»,-մեր թղթակցի փոխանցմամբ, բացման պաշտոնական արարողությանն իր ելույթում նշեց Գույչժոուի գիտությունների ակադեմիայի միջազգային համագործակցության վարչության տնօրեն Վան Յունը։
Նրա խոսքով, դասընթացի ընթացքում մասնակիցները կլսեն թեմատիկ դասախոսություններ, կմասնակցեն պանելային քննարկումների, ինչպես նաև կայցելեն Չինաստանի տարբեր նահանգների գիտահետազոտական կենտրոններ, պետական կառույցներ և տեխնոլոգիական ձեռնարկություններ։ Այցերի նպատակն է մասնակիցներին տեղում ներկայացնել, թե ինչպես են BeiDou արբանյակային նավիգացիոն համակարգը, տվյալների վերլուծության նորարարական տեխնոլոգիաներն ու անօդաչու թռչող սարքերը կիրառվում արտակարգ իրավիճակների կանխարգելման, մշտադիտարկման և փրկարարական աշխատանքներում։

«Ներկայում աշխարհում կլիմայական փոփոխություններն ուժեղանում են, բնական աղետները հաճախանում են, և արտակարգ իրավիճակներին արձագանքման ու կարողությունների զարգացման հարցերը դարձել են բոլոր երկրների առջև ծառացած ընդհանուր խնդիր։
BeiDou արբանյակային նավիգացիոն համակարգը, որը Չինաստանի կողմից մշակված և անկախ գործող գլոբալ արբանյակային նավիգացիոն համակարգ է, նպատակ ունի ապահովել համաշխարհային ծածկույթ և ծառայություններ»,-իր ելույթում նշեց Գույչժոուի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Չժենը։
Նա նշեց, որ ծրագիրը միտված է զարգացող երկրների միջև գիտատեխնոլոգիական համագործակցության խորացմանը և փորձի փոխանակմանը։
Ակադեմիայի ներկայացուցիչների խոսքով, ծրագրի շրջանակում մասնակից երկրները հնարավորություն կունենան նաև ներկայացնելու իրենց երկրների տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրը, առևտրային քաղաքականությունը և համագործակցության հնարավոր ուղղությունները։
Մերի Հակոբյան, Վազգեն Եթումյան