ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը։
Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ քննարկել է պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «երկու երկրներն էլ շատ կցանկանային դա, և դա կարող է տեղի ունենալ»։
ԱՄՆ նախագահը լավատեսությամբ է գնահատում Էր Ռիադի հետ միջուկային գործարքի շուրջ վերջնական համաձայնության հասնելու հեռանկարները, հավելել է թերթը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հուլիսի 22-ին տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել Վաշինգտոնի կողմից թագավորության խաղաղ միջուկային ծրագրին աջակցելու մասին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնագիրը փոխանցվել է Կոնգրեսի քննարկմանը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, այն նախատեսված է մի քանի տասնամյակների համար և կարող է «ամերիկյան ընկերությունների համար լայն հնարավորություններ բացել Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրին մասնակցելու համար»։
Հաջորդ օրը Թրամփը հայտարարել է, որ այս պայմանավորվածության իրագործման համար Սաուդյան Արաբիան պետք է միանա Աբրահամյան համաձայնագրերին, ընդ որում՝ գործարքը որևէ կերպ չի ենթադրում միջուկային նյութերի հարստացում։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այս հայտարարությունը լիովին անակնկալ էր ինչպես ամերիկյան վարչակազմի բանակցողների, այնպես էլ Էր Ռիադի համար, որոնք բնավ չէին սպասում նման քայլի։