Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել Եվրամիություն՝ առանց մեր կանոնները հարգելու․ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս մասին գրել է X սոցիալական հարթակում՝ իսպանական Սեուտա անկլավում միգրանտների ճգնաժամին ի պատասխան։
«Սեուտայում տեղի ունեցողն անընդունելի է։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել Եվրամիություն՝ առանց մեր կանոնները հարգելու։ Վտանգավոր անցումները պետք է անհապաղ դադարեցվեն, մարդկանց թրաֆիքինգի ցանցերը պետք է ոչնչացվեն, և միգրանտների վերադարձը պետք է արագացվի մեր օրենքներին համապատասխան», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ հանձնարարել է երկու եվրահանձնակատարների միջոցներ ձեռնարկել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։
Նրա խոսքով՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններն արդեն իսկ սերտորեն համագործակցում է Իսպանիայի հետ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում այցելել ճգնաժամային գոտիներ։ Նա նաև կաշխատի Իսպանիային լրացուցիչ օպերատիվ աջակցություն ցուցաբերել Frontex-ի միջոցով։
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Միջերկրածովյան հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան կանոնավոր կապ է պահպանում մարոկկյան կողմի հետ։
«Ես վստահ եմ, որ Մարոկկոյի հետ մեր սերտ գործընկերությունը կտա կոնկրետ արդյունքներ»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի քան 49․000 միգրանտ փորձել է անօրինական մուտք գործել Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա։ Այնտեղ հասնելու ճանապարհին տասնյակ միգրանտներ զոհվել են։