Ռուսական հրթիռային հարձակումը Կիևի վրա․ ինը մարդ է զոհվել, տասնյակներ՝ տուժել

Ռուսաստանի գիշերային հրթիռային հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 9 մարդ, ևս 27-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Փրկարարների տվյալներով՝ գնդակոծության հետևանքները գրանցվել են ուկրաինական մայրաքաղաքի միանգամից հինգ շրջաններում՝ Սոլոմենսկի, Դառնիցկի, Շևչենկովսկի, Դնեպրովսկի և Պեչերսկի, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Սոլոմենսկի շրջանում երկու մարդ զոհվել է, ևս ութը տուժել են, նրանց թվում՝ երկու երեխա։ Հարվածի հետևանքով տեղի է ունեցել բազմահարկ բնակելի շենքի մասնակի փլուզում եւ բռնկվել է հրդեհ։

Այրվել են նաև ավտոկայանատեղիում գտնվող մեքենաները։ Երեք տուժած հոսպիտալացվել է, իսկ փրկարարները շենքի վերին հարկերից տարհանել են 35 բնակչի։

Առավել ծանր հետևանքները գրանցվել են Դառնիցկի շրջանում։ Այնտեղ զոհվել է յոթ մարդ, ևս 14-ը վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ երկու երեխա։ Գնդակոծության հետևանքով վնասվել են վարչական և ոչ բնակելի շենքեր, հրդեհներ են բռնկվել, այրվել են մեքենաներ և հարակից տարածքը։ Փրկարարները նաև զբոսայգիներից մեկում հայտնաբերել են հարվածից առաջացած խառնարան։

Շևչենկովսկի շրջանում հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի շենքերում և կինոստուդիայի տարածքում։ Այրվել են նաև շտապօգնության մեքենաները։ Փրկարարները մեկուսացրել են հրդեհները, մեկ մարդ վիրավորվել է։

Դնեպրովսկի շրջանում վնասվել են առևտրային օբյեկտ և հարակից շինությունները։ Պեչերսկի շրջանում գրանցվել է չորս մասնավոր տան և տնտեսական շինությունների վնասում։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռներով։ Ավերածությունների մասշտաբներն ու տուժածների թիվը կարող են ճշտվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *