Նեապոլի մոտակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում տեղի ունեցած 4,7 մագնիտուդով երկրաշարժից հետո շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը (երկրաշարժերի երամը)։ Երկրաշարժը վերջին չորս տասնամյակի ընթացքում ամենաուժեղն է եղել այս գոտու համար, հայտնում է Ansa-ն։
Նախորդ երեկոյան տեղի ունեցած ցնցումից հետո սեյսմոլոգները գրանցել են շուրջ 60 նոր ստորգետնյա ցնցում, որոնց մեծ մասը եղել է թույլ ինտենսիվության: Հաջորդած ամենաուժեղ հարվածը՝ 3,1 մագնիտուդով, տեղի է ունեցել առավոտյան և զգացվել է Պոցուոլիի, Բակոլիի և Նեապոլի որոշ թաղամասերի բնակիչների կողմից:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Բակոլիի քաղաքապետ Ջոզի Ջերարդո Դելա Ռաջոնեի խոսքով՝ գրանցվել են ժայռերի առանձին հատվածների փլուզումներ և շենքերի ծեփաշերտերի թափում, սակայն ստուգումների արդյունքում բնակության համար ոչ պիտանի տնային տնտեսություններ չեն հայտնաբերվել:
Միևնույն ժամանակ, ըստ մի շարք ԶԼՄ-ների տվյալների, տուժածների թիվը տատանվում է 20-ից 40-ի սահմաններում։
Փրկարարները շարունակում են շենքերի զննումը։ Գիշերը հրշեջները Սանինո փողոցից էվակուացրել են 18 ընտանիք, ինչպես նաև 4 ընտանիք էլ Սան Վիտալյանո փողոցից՝ անվտանգության ստուգումներ անցկացնելու համար։
Պոցուոլիի նավահանգիստը փակ է մնում։ Ծովային իշխանությունները պատրաստվում են սահմանափակել ժայռոտ ափամերձ հատվածների մուտքը:
Նեապոլի իշխանությունները արտակարգ իրավիճակների կոորդինացիոն կենտրոնի նիստ են հրավիրել՝ քաղաքապետերի, փրկարար ծառայությունների, ոստիկանության և քաղաքացիական պաշտպանության մասնակցությամբ՝ իրավիճակը գնահատելու համար:
Ֆլեգրեյան դաշտերը Եվրոպայի ամենախոշոր հրաբխային գոտիներից մեկն են։ Վերջին տարիներին այստեղ նկատվում է բրադիսեյսմի երևույթը՝ երկրակեղևի բարձրացում և իջեցում, որոնք հիմնականում տեղի են ունենում ստորգետնյա գազերի և մագմայի ճնշման փոփոխությունների հետևանքով։