
Օգոստոսի 3-ին հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշել է Դիլիջան համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների (աշակերտուհիների) եւ ուսանողների (ուսանողուհիների) ներհամայնքային ուղեւորափոխադրումների վճարների համար «կիրառել զրոյական դրույքաչափ», այսինքն` դարձնել անվճար։ Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ․ սեպտեմբերի 1-ից։ Համայնքապետ Դավիթ Սարգսյանը շտապել է համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքի բնակիչներին աչքալուսանք անել՝ աշակերտներին եւ ուսանողներին ուղեւորափոխադրումների վճարից ազատելու մասին։
Դիլիջան համայնքի ավագանու հունիսի 23-ի որոշմամբ, ավագանու հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 10-ին, սակայն աշակերտներին ու ուսանողներին ուղեվարձից ազատելու որոշումը կայացրել են ավագանու արտահերթ՝ օգոստոսի 3-ի նիստով։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 12 անդամ։ Ինչո՞ւ այդ որոշումը համայնքի ավագանին 2025թ․ վերջին կամ 2026-ի սկզբին չի ընդունել, այլ՝ օգոստոսի 3-ի արտահերթ նիստում։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանն ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել, աշակերտների ու ուսանողների ուղեվարձն անվճար դարձրել, որովհետեւ առաջիկայում նախատեսված են Դիլիջան համայնքի ավագանու հերթական ընտրություններ: Ինչպես համապետական ընտրություններից առաջ ՔՊ-ն կիրառեց բյուջեի հաշվին համընդհանուր կաշառքի մեթոդը` 10 հազար դրամով բարձրացնելով թոշակները եւ պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելով, այնպես էլ Դիլիջանի ՔՊ-ն է նույնն անում:
Դիլիջան համայնքի ավագանու վերջին ընտրությունները կայացել են 2021թ․ հոկտեմբերի 17-ին։ Տրամաբանական կլիներ, եթե Դիլիջանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվեին 2026թ․ սեպտեմբերի 27-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն հոկտեմբերի 25-ին, որպեսզի մինչ այդ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու ավագանին համայնքի բյուջեից բավարար չափով լավություններ անեն դիլիջանցիներին եւ քվեներ կորզեն: Շտապում են նաեւ, որ հասցնեն, քանի դեռ ընտրությունների կապակցությամբ բարեգործություն անելու արգելքը չի գործում։
Դիլիջան համայնքում բազում, բազմաբնույթ չլուծված հիմնահարցեր կան։ Տուրիստական Դիլիջանի շատ փողոցներ անբարեկարգ են, քաղաքում աղբահանությունը վատ է կատարվում, Դիլիջանում հասարակական զուգարան, գյուղատնտեսական շուկա չկա, քաղաքի փողոցներում՝ գետնին վաճառվող ապրանքներ են դրված, միջպետական ավտոճանապարհին կից գտնվող համայնքի աղբավայրը ցանկապատված չէ` այնտեղ հաճախ են հրդեհներ լինում, որի ծանր հոտն ու ծուխը պատում են Աղստեւի գեղատեսիլ հովիտը։ Վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, իր անձնական գործում սեռի վերաբերյալ գրառման մեջ «արու» նշած Դավիթ Սարգսյանն անցած 5 տարում հայտնվել է բազում սկանդալների մեջ։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքի համայնքի ղեկավարի էջում տեղադրված է ՔՊ-ական համայնքապետ Դ․ Սարգսյանի կենսագրությունը։ Այնտեղ նրա կրթության տողում նշված է․ «2001-2006 թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում, սովորում է Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝ հեռակա»: 1984թ․ ծնված Դ․ Սարգսյանն անցած տարի՝ 2024-2025 ուսումնական տարում, ավարտել է Եվրոպական համալսարանը, դիպլոմ է ստացել, բայց երեւի դեռ իրեն ուսանող է համարում, որ կենսագրության մեջ ուղղում չի մտցնում: