Օմանի ափերի մոտ գտնվող տանկերի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել․ նավը վնասներ չի ստացել

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կոորդինացման ծառայությունը (UKMTO) հայտնել է Օմանի ափերի մոտ գտնվող նավթատար տանկերի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի մասին։

Գերատեսչության տվյալներով՝ նավի անձնակազմն արձանագրել է պայթյուն և նավի անմիջական հեռավորության վրա տեղի ունեցած ջրի հզոր ցայտք։ Միջադեպը տեղի է ունեցել Խասաբ քաղաքից (Օմանի հյուսիսում՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ) մոտ 21 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում (շուրջ 39 կմ)։

Տանկերի վնասվածքների կամ անձնակազմի շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

UKMTO-ն հայտնել է, որ պատահարի հանգամանքները պարզվում են։ Տվյալ տարածքում գտնվող բոլոր նավերին խորհուրդ է տրվել ցուցաբերել առավելագույն զգոնություն և հայտնել ցանկացած կասկածելի շարժի մասին։

Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շուրջ պահպանվող լարվածության ֆոնին, որը նավթի փոխադրման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկն է։ Վերջին տարիներին այս տարածաշրջանում պարբերաբար արձանագրվել են առևտրային նավերի վրա հարձակումներ և դրանց ուղղված սպառնալիքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *