Վրաստանում «ատելության խոսքի» դեմ պայքարի նոր ստորաբաժանման երկու ամսվա աշխատանքի ընթացքում հարուցվել է շուրջ 300 գործ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «ատելության խոսքի» դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման աշխատանքի առաջին արդյունքների մասին, այն ստեղծվել է հունիսի 1-ին։ Երկու ամսվա ընթացքում կառույցի աշխատակիցները դատարան են ուղարկել շուրջ 300 վարչական գործ, որոնք կապված են հանրային արտահայտությունների հետ, հայտնել է «Новости-Грузия»-ն։

Վիճակագրությունը ներկայացրել է ՆԳՆ ղեկավար Սուլխան Թամազաշվիլին ատելության խոսքի դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Կառույցը մտնում է Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի կազմի մեջ։ Նախարարը հայտնել է, որ վիրավորանքների դեմ պայքարն ու քաղաքացիների արժանապատվության պաշտպանությունը պետության առաջնահերթություններից են։

Գործերի հարուցման առիթ են դառնում հրապարակումները սոցցանցերում, հրապարակային մեկնաբանությունները և բողոքի ակցիաների ժամանակ պաստառների վրա արված գրությունները։ Խոսքը վերաբերում է այն խախտումներին, որոնք իշխանությունները որակում են որպես «թշնամանքի հրահրում» կամ «ոտնձգություն արժանապատվության դեմ»։

Միաժամանակ, ընդդիմության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները նշել են, որ գործնականում ստուգումներն առավելապես վերաբերում են ակտիվիստներին, լրագրողներին և հասարակական գործիչներին, որոնք քննադատում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Ընդդիմադիր շրջանակներում նոր ստորաբաժանումն արդեն ստացել է «սքրոլինգի և սքրինշոթների դեպարտամենտ» ոչ պաշտոնական մականունը՝ ինտերնետային հրապարակումների նկատմամբ ուշադրության պատճառով։

Կառույցի աշխատանքը նաև արձագանք է առաջացրել միջազգային դիտորդների շրջանում։ Լրագրող Վախո Սանայայի գործից հետո, որին մեղադրանք էր առաջադրվել Facebook-ում հրապարակման պատճառով, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է հիմնված լինի խոսքի ազատության ընդլայնման, այլ ոչ թե հրապարակային արտահայտությունների սահմանափակման վրա։

Նախաձեռնության քննադատները կարծում են, որ ատելության խոսքի դեմ պայքարի մեխանիզմը կարող է օգտագործվել ընդվզողների վրա ճնշում գործադրելու համար, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ խոսքը վերաբերում է հանրային տարածքում քաղաքացիներին վիրավորանքներից և ագրեսիայից պաշտպանելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *