ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից շարունակվող ավերածությունների կապակցությամբ՝ չնայած շիական «Հեզբոլլահ» շարժման հետ հակամարտությունում գործող հրադադարին, հաղորդել է AFP-ն։
Կազմակերպության հայտարարության մեջ նշվել է, որ պայթեցումների և օբյեկտների քանդման ծավալները «խոր մտահոգություն» են առաջացնում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին, մշակութային ժառանգությանը և տեղական համայնքների պատմական հիշողությանը հասցված վնասի պատճառով։
ՄԱԿ արձագանքի պատճառ են դարձել գիշերային խոշոր պայթյունները, որոնք իսրայելական բանակը իրականացրել է հին Բոֆոր ամրոցի շրջանում, որը վերջերս ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել են, որ բանակը ոչնչացրել է «ահաբեկչական թունելները Բոֆորի շրջանում»՝ օգտագործելով մոտ 700 տոննա պայթուցիկ նյութ։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը տեղի ունեցածն անվանել է «չափազանց վտանգավոր էսկալացիա» և ուղիղ սպառնալիք ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Պայմանավորվածությունների համաձայն՝ լիբանանյան բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի «Հեզբոլլահի» սպառազինությունը, իսկ Իսրայելը՝ դուրս բերի իր զորքերը առանձին գոտիներից, որտեղ հետագայում պետք է տեղակայվեն լիբանանյան ուժերը։
Աունն ընդգծել է, որ պայթյունների անցկացման ժամանակը՝ Հռոմում Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի նախօրեին, «բացասական ազդակներ է ուղարկում» և խաթարում է կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերը։
Լիբանանի պետական գործակալությունը նաև հայտնել է երկրի հարավի մի քանի շրջաններում նոր պայթյունների, ինչպես նաև իսրայելական հարվածի մասին, որի հետևանքով, նախնական տվյալներով, երկու մարդ վիրավորվել է։
ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել «ավերածությունների ուժգնացող ալիքը»՝ ընդգծելով, որ վիճելի հարցերի լուծման համար գոյություն ունեն դիվանագիտական մեխանիզմներ։
Իսրայելի և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» միջև հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ շարժումը պատերազմի մեջ է մտել Իրանի կողմում։ Ի պատասխան՝ Իսրայելը Լիբանանում իրականացրել է լայնածավալ օդային արշավ և ցամաքային գործողություն, որոնց հետևանքով, լիբանանյան իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 4 300 մարդ։