Սիրիան վճռականորեն դատապարտել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում, նրա խոսքով, ճանաչվում է «իսրայելական ինքնիշխանությունը» օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ, հաղորդում է Sana։
«Սա հակասում է միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան բանաձևերին։
Սիրիան արտահայտում է Կոլումբիայի դիրքորոշման կտրականապես մերժումն ու դատապարտումը՝ վերահաստատելով, որ Գոլանի բարձունքները սիրիական տարածքի անբաժանելի մասն են։
Կոլումբիայի կառավարության հայտարարությունը ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների, որոնք հաստատում են, որ Գոլանի բարձունքները սիրիական տարածք են և որ Միավորված ազգերի կազմակերպությունը դրանք ճանաչում է որպես Սիրիայի մաս, ինչպես նաև ուժով տարածք զավթելու անթույլատրելիության սկզբունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի թիվ 497 բանաձևի աղաղակող խախտում է։
Սիրիան նաև երախտագիտություն է հայտնել օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ իր օրինական իրավունքներին ցուցաբերվող աճող միջազգային աջակցության համար՝ նշելով, որ «Սիրիական Գոլաններ» վերնագրով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին աջակցող պետությունների թիվը 2024 թվականի 97-ից 2025 թվականին աճել է մինչև 123։
Սիրիան կշարունակի օգտագործել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հաստատված իրավունքների պաշտպանության համար բոլոր օրինական դիվանագիտական և իրավական միջոցները, ինչպես նաև աշխատել օկուպացված տարածքների վերադարձի ուղղությամբ»,- նշել են Դամասկոսում։
Կոլումբիան ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ