«Միշայի պես խոսում է, Միշայի պես՝ շարժումներ անում». Սաակաշվիլին քաղաքական գործունեությունը կշարունակի արհեստական բանականության միջոցով

Ազատազրկման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ օգտագործում է արհեստական բանականություն՝ բանտարկության հետ կապված սահմանափակումները հաղթահարելու համար, հայտնում է Georgia Online-ը։

Ըստ նրա, իր համար ստեղծվում է թվային ավատար, որը կկարողանա հանդես գալ իր անունից։

Այդ մասին Սաակաշվիլին պատմել է հուլիսի 29-ին դատական նիստի ընթացքում։ Նա հայտնել է,որ իր «արհեստական բանականությունն» արդեն պատրաստվում է գործարկման։

«Արդեն պատրաստվում է իմ արհեստական բանականության ավատարը։ Այն ինձնից լավ տեսք ունի, բայց դա ես եմ՝ խոսում է Միշայի պես, շարժումեր անում Միշայի պես։ Այնպես որ՝ պահեք ինձ որքան ուզում եք», — հայտարարել է քաղաքական գործիչը։

Սաակաշվիլին նաև իր դրությունը համեմատել է Նելսոն Մանդելայի բանտարկության հետ և հայտարարել, որ ազատ արձակվելուց հետո մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն։

«Ընկերներ, ես այս բանտից դուրս կգամ այնպես, ինչպես դուրս եկավ Նելսոն Մանդելան, և անմիջապես կգամ իշխանության։ Դուք դա կանեք՝ դուք կբերեք «Վարդերի հեղափոխություն 2.0»-ը», — ասել է նա։

Ավելի ուշ քաղաքական գործիչը Facebook-ում հրապարակել է իր ելույթի մի հատվածը և կրկին խոսել արհեստական բանականություն օգտագործելու ծրագրերի մասին։

«Իվանիշվիլիի օգնությամբ ես ուղիղ բանտից կգամ իշխանության, իսկ մինչ այդ իմ աշխատանքը կկատարի արհեստական բանականությունը», — գրել է Սաակաշվիլին՝ նկատի ունենալով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։

Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին՝ երկրորդ նախագահական ժամկետի ավարտից հետո։ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո նրա դեմ հարուցվել էին մի քանի քրեական գործեր։ Այդ ընթացքում նա ապրում էր Ուկրաինայում, որտեղ զբաղեցնում էր Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը, իսկ ավելի ուշ գլխավորում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առընթեր Բարեփոխումների ազգային խորհուրդը։

2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է Վրաստան և ձերբակալվել։ Մի քանի քրեական գործերով դատարաններն արդեն կայացրել են մեղադրական դատավճիռներ, մյուս գործընթացները շարունակվում են։

2025 թվականին Վրաստանի դատախազությունը նրան նոր մեղադրանքներ է առաջադրել «իշխանությունը բռնի կերպով փոխելու կոչերի» համար։ Հիմք են դարձել քաղաքական գործչի հրապարակումները սոցիալական ցանցերում և նրա ելույթները դատական նիստերի ժամանակ՝ տեսակապով։

Ներկայումս Սաակաշվիլին պատիժը կրում է Ռուսթավիի բանտում։ Գործող ժամկետների հաշվարկման համակարգի համաձայն, նա կարող է ազատ արձակվել ոչ շուտ, քան 2030 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *