Բրիտանիայում բռնության ենթարկված 5 կանանց ճանաչել են որպես թրաֆիքինգի զոհեր․ Guardian

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը եգիպտացի միլիարդատեր Մուհամմադ Ալ-Ֆայեդի կողմից սեռական բռնության ենթարկված հինգ կանանց պաշտոնապես ճանաչել է մարդկանց թրաֆիքինգի զոհեր։ Այս մասին հայտնել է Guardian պարբերականը։

2023 թվականին Ալ-Ֆայեդի մահվանից հետո ավելի քան 400 կին դիմել է բրիտանական ոստիկանություն՝ միլիարդատիրոջը մեղադրելով սեռական բռնության մեջ։ 2024 թվականին իրավապահները նշել են, որ մեղադրանքների թիվը կտրուկ աճել է փաստագրական ֆիլմի ցուցադրությունից հետո, որտեղ հինգ կանայք հայտարարել էին միլիարդատիրոջ կողմից բռնության ենթարկվելու մասին։ Փաստաբանների պնդմամբ՝ նրան այդ հարցում օգնել են իր մոտ աշխատող մարդիկ։

«Harrods հանրախանութի նախկին տեր Մուհամմադ Ալ-Ֆայեդի առնվազն հինգ զոհերը Ներքին գործերի նախարարության կողմից ճանաչվել են որպես մարդկանց թրաֆիքինգի զոհեր»,- գրում է թերթը։

Հոդվածում նշվում է, որ ավելի վաղ հանգուցյալ գործարարի կողմից բռնության ենթարկված կանանց խումբը ոստիկանությանը կոչ է արել մարդկանց թրաֆիքինգը դարձնել «հետաքննության հիմնական ուղղություն»՝ պնդելով, որ առանց հանցակիցների աջակցության Ալ-Ֆայեդը չէր կարողանա իրագործել այդ հանցագործությունները։ Բոլոր հինգ դեպքերն ընդգրկում են 1990-ականներից մինչև 2010-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը։

Եգիպտացի միլիարդատեր Մուհամմադ Ալ-Ֆայեդը, ում ավագ որդին՝ Դոդին, հանդիպում էր արքայադուստր Դիանայի հետ, Լոնդոն էր տեղափոխվել 1960-ական թվականներին։ Ալ-Ֆայեդն առավել հայտնի է եղել որպես Harrods հանրախանութի և «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *