Ուկրաինայի՝ Մեծ Բրիտանիայում դեսպան, գեներալ Վալերի Զալուժնին Ուկրաինայի Սահմանադրությամբ ամրագրված՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ուղին հեռանկարային չի համարում, հաղորդում է «Европейская правда»-ն։
«Ես ՆԱՏՕ-ն շատ լավ գիտեմ։ Մոտ 12 տարի, երևի, անձամբ զբաղվել եմ նրանով, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները, և ամեն տարի լսել եմ հեքիաթներ այն մասին, թե ուր որ է մենք կմտնենք ՆԱՏՕ։ Մենք, ցավոք, երբեք չենք մտնի դրա կազմում»,- ընդգծել է Զալուժնին։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու խոչընդոտն այն է, որ «անհնար է միանալ այնպիսի զարգացման մակարդակով, ինչպիսին կա Ուկրաինայի զինված ուժերում… մի կազմակերպության, որը ղեկավարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով»։
Զալուժնին նաև չափազանց բացասաբար է գնահատել ՆԱՏՕ-ի ներուժը՝ չնայած նրան, որ դրա անդամ են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և այլ երկրներ։ «Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կմնա նույն տեսքով, ինչպիսին կա, և կանցնի մոտ 12 տարի, մինչև Ուկրաինան անցնի այն չափանիշներին, որոնց պետք է հասնել, որպեսզի թեկուզ հավասարվի Ռուսաստանի Դաշնության մակարդակի կեսին», — հայտարարել է նա։