Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ նոր պատժամիջոցներն անվանել է «տնտեսական ահաբեկչություն» և «մարդկայնության դեմ հանցագործություն»

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խիստ դատապարտել է երկրի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի կողմից երկար տարիներ իրականացվող տնտեսական ճնշման քաղաքականությունը «տնտեսական ահաբեկչության» և «մարդկայնության դեմ հանցագործության» ձև է։

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ, Թեհրանի պնդմամբ, նոր պատժամիջոցները իրանցի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ 73-ամյա թշնամական քաղաքականության հերթական դրսևորումն են և ցույց են տալիս ամերիկյան իշխանությունների «հակամարդկային, օրենքը խախտող և մեծամիտ» բնույթը։

Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները շոշափում են երկրի յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և, հետևաբար, պետք է դիտարկվեն որպես «տնտեսական ահաբեկչություն» և «մարդկայնության դեմ հանցագործություն»։

«Այս պատժամիջոցները նախաձեռնողները և իրականացնողները, որոնք գործել են այսչափ ծանր հանցագործություններ, արժանի են դատաքննության և պատժի», — նշվել է հայտարարության մեջ։

Թեհրանում հայտարարել են, որ Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին չի հաջողվել հասնել գլխավոր նպատակին՝ ստիպել Իրանին հրաժարվել իր դիրքորոշումներից և ընդունել հակառակորդների «անօրինական և հակամարդկային հավակնությունները»։

Իրանական կողմի կարծիքով՝ նոր պատժամիջոցները միայն ավելացնում են այն հանցագործությունների ցանկը, որոնք ԱՄՆ-ը գործել է Իրանի դեմ, սակայն չեն ազդի երկրի վճռականության վրա՝ պաշտպանելու իր անկախությունը, արժանապատվությունն ու ազգային ինքնիշխանությունը։

«Պատժամիջոցներն ու տնտեսական ճնշումը պատերազմի և ռազմական ագրեսիայի մեդալի մյուս կողմն են», — հայտարարել են նախարարությունում։

Թեհրանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին այն բանում, որ նրա պատժամիջոցների և ռազմական ճնշման քաղաքականությունը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը և նպաստում է «մարդկային քաղաքակրթության աննախադեպ բարոյական անկմանը»։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ այն պետությունները, որոնք ճանաչում են ՄԱԿ կանոնադրության սկզբունքներն ու նպատակները, ներառյալ պետությունների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, չպետք է անտարբեր մնան ամերիկյան քաղաքականության շարունակության նկատմամբ։

Իրանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ նոր պատժամիջոցների ցուցադրական հայտարարումը այն քաղաքականության շարունակությունն է, որն արդեն ապացուցել է իր անարդյունավետությունը։

Թեհրանի կարծիքով՝ այս ռազմավարության կրկնակի կիրառումը կհանգեցնի միայն «անցյալի ձախողումների կրկնության», իսկ նոր սահմանափակումների հետևանքների պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ կառավարությունը և նրանք, ովքեր մշակում ու իրականացնում են այդ քաղաքականությունը։

Վերջում Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իսլամական հանրապետությունը մնում է «հաստատուն և վճռական»՝ իր անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու հարցում։

Թեհրանը հայտարարել է, որ կդիմակայի ամերիկյան ռազմական, տնտեսական, քաղաքական և հոգեբանական ճնշմանը՝ հենվելով ազգային հնարավորությունների և Վաշինգտոնի հետ դիմակայության տասնամյակների փորձի վրա։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի բոլոր գործիքներն ու հնարավորությունները՝ ամերիկյան և իսրայելական հակառակորդի չարիքը հետ մղելու և Իրանի ազգային շահերը պաշտպանելու համար», — նշվել է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *