ԱՄՆ բանակը Իրանի հետ պատերազմի հինգ ամսվա ընթացքում սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների մեծ մասը, ինչը մտահոգություններ է առաջացնում հնարավոր ապագա հակամարտություններին ամերիկյան զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
Խոսքը նախևառաջ ATACMS և Precision Strike Missile (PrSM) դասի «երկիր-երկիր» տակտիկական հրթիռների մասին է։ Գործակալության երկու աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ը օգտագործել է այդ զինամթերքի առկա պաշարների «գործնականում ամբողջ մասը»։
Ինչպես նշում է Reuters-ը, այս հրթիռների պաշարների նման զգալի կրճատման մասին տեղեկությունը հրապարակվում է առաջին անգամ։
ATACMS-ն ու PrSM-ը ամերիկյան զինանոցի կարևոր մաս են կազմում՝ հնարավորություն տալով բարձր ճշգրտության հարվածներ հասցնել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին։ Ուկրաինան ԱՄՆ-ի մատակարարած ATACMS հրթիռներն ակտիվորեն օգտագործել է Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին հարվածելու համար։ Ավելի ժամանակակից PrSM-ը պետք է աստիճանաբար փոխարինի ATACMS-ին՝ իր ավելի մեծ հեռահարության և բարելավված բնութագրերի շնորհիվ։
Վերլուծաբանների խոսքով՝ մեկ միավորի համար ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նման հրթիռները առանցքային դեր կխաղան նաև Չինաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում։
Reuters-ի աղբյուրները չեն բացահայտել, թե կոնկրետ որքան հրթիռ է մնում ԱՄՆ-ի տրամադրության տակ։
Գործակալության տվյալներով՝ նախագահ Դոնալդ Թրամփը, որը փետրվարին Իսրայելի հետ համատեղ ռազմական արշավ էր սկսել Իրանի դեմ, հույս ուներ արագ ավարտել հակամարտությունը։ Սակայն ձգձգվող մարտական գործողությունները, Reuters-ի զրուցակիցների կարծիքով, կարող են թուլացնել ԱՄՆ-ի կարողությունը զսպելու ունակ այնպիսի հավանական հակառակորդներին, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) գրեթե ամբողջությամբ սպառել է պատերազմի մեկնարկից առաջ իր ունեցած ցամաքային հեռահար հրթիռների պաշարները, սակայն դրանք մասամբ հաջողվել է վերականգնել աշխարհի այլ տարածաշրջաններից սպառազինություն տեղափոխելու հաշվին։
Մեկնաբանելով Reuters-ի հրապարակումը՝ Սպիտակ տունը տարածել է Թրամփի հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը տնօրինում է «աշխարհի ցանկացած այլ երկրից շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք, և շատ ավելի շատ, քան մեզ անհրաժեշտ է»։
Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկյան պաշտպանական ընկերություններն այժմ արտադրում են զինամթերքի ռեկորդային քանակ և միաժամանակ ընդլայնում արտադրական հզորությունները։
Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ զինված ուժերն ունեն նախագահի առաջադրած խնդիրները կատարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները և պահպանում են ազգային շահերը պաշտպանելու համար նախատեսված զինանոցը։